Կոալիցիոն ուժերը ստիպել են ԻՊ ահաբեկիչներին նահանջել Կոբանի մատույցներից

Կոալիցիոն ուժերը ստիպել են ԻՊ ահաբեկիչներին նահանջել Կոբանի մատույցներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների կուտակումների ուղղությամբ Թուրքիային սահմանակից Կոբանի սիրիական քաղաքի մոտ: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ հեռուստաալիքը Sky News Arabia վրա հղումով, ավիահարվածները օգնեցին մի քանի կիլոմետր հետ շպրտել ծայրահեղականներին զբաղեցրած դիրքերից: Այլ աղբյուրներ տեղեկությունը դեռևս չեն հաստատում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները փոխանցել էին, որ ծայրահեղականները մի քանի շենք ու բարձունքներ են գրավել բնակավայրում և իրենց դրոշները բարձրացրել: Ըստ ստացված տեղեկատվության, իսլամիստները սեղմում էին քրդաբնակ քաղաքի պաշարման օղակը, սակայն աշխարհազորի ջոկատները մնում են Կոբանիում:

Մարտերի ընթացքում փախստական է դարձել շուրջ 160 հազար մարդ, որոնք, հիմնականում, Թուրքիա են փախել: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց հետ են շպրտվել:

Հատկանշական է, որ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ): Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի դերը ԻՊ դեմ պայքարում կհստակեցվի կոալիցիայի հետ բանակցություններում, «և ինչպիսին էլ լինի այդ դերը, Թուրքիան այն կկատարի»,-ասել է նա:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---