ՀԱՕԿ նախագահ. Պատրաստ ենք ընդունել Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերը (թարմացված)

ՀԱՕԿ նախագահ. Պատրաստ ենք ընդունել Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերը (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը պատրաստ է մասնակցել 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին:

Այդ մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքը:

«Երկու հարևան երկրներ պետք է իրենց խնդիրները լուծեն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Հայաստանի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու այն դեպքում, եթե այդ երկիրը երաշխավորի հայկական պատվիրակության անվտանգությունը»,- ասել է Ծառուկյանը:

Նախօրեին հարցը քննարկվել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի ու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հանդիպմանը:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նախագահը վստահություն է հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կդառնա մեր երկրում սպորտի զարգացման համար:

ՀՀ նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն:

Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով և հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները: Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը:

Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման վայր էընտրվել 2012-ի դեկտեմբերին: 2015-ին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման օպերացիոն կոմիտեն Բաքվում (BEGOC) կստանձնի Եվրոպական խաղերի կազմակերպումն ու կառավարումը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ գործակցությամբ: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով. մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը: Ավելի վաղ Բաքվում Շախմատի աշխարհի գավաթի մրցումներում ու շախմատի օլիմպիադայում Հայաստանին տեսնելու ցանկության մասին էր հայտարարել ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---