9 հունիսի 2006 - 15:50 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն կանգ կառնի ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակի վրա, պնդում են Բաքվում
«Բուխարեստյան հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանը պատրաստ չէ ղարաբաղյան խնդրի փուլային լուծմանը: Միջազգային կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, սկսում են հասկանալ, որ միայն խնդրի փուլային կարգավորումը կարող է ապահովել խաղաղ պայմանագրի կնքումը»,-«Իրական Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը: Նրա խոսքերով, խաղաղ պայմանագիր կնքելու հնարավորություն կհայտնվի միայն 2008 թվականին: «Վաղ թե ուշ Ադրբեջանը կազատագրի իր հողերը ուժի միջոցով: Այլընտրանք չկա: Որքան շատ է ձգձգվում խնդրի լուծումը, այդքան շատ է կորցնում Հայաստանը: Հայաստանը մնացել է տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից դուրս: Իսկ եթե նրանք ժամանակին ճիշտ դիրքորոշում որդեգրեին, ապա կդառնային նավթի, գազի եւ երկաթուղային հաղորդակցությունների հետ կապված տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակիցները»,-նշել է նա:

Նամազովը գտնում է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միեւնույն է կանգ կառնեն ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակի վրա: «Համանախագահները հասկանում են, որ առաջին փուլում պետք է քննարկվի ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այլ տարածքների հարցը: Հանրահայտ է, որ Հայաստանը փորձում է դուրս բերել Լաչինն ու Քելբաջարն այդ տարածքների կազմից: Հասկանալի է, որ սկզբից պետք է հասնել նրան, որ վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, իսկ հետո արդեն քննարկել բուն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի խնդիրը: Սակայյն հայերի դիրքորոշումը Լաչինի եւ Քելբաջարի վերաբերյալ մեզ համար անընդունելի է»,-ընդգծել է Նամազովը: