Կիպրոս-Թուրքիա տնտեսական հակամարտությունում Ռուսաստանը սատարում է Կիպրոսին

Կիպրոս-Թուրքիա տնտեսական հակամարտությունում Ռուսաստանը սատարում է Կիպրոսին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու վերաբերյալ միակողմանի գործողությունները: Այս մասին ասվում է ռուսական արտգործնախարարության տարածած հաղարդագրության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 9-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովն ընդունել է Կիպրոսի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սոտոս Զակխեոսին:

«Տեղի է ունեցել կիպրոսյան կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակում՝ ներառյալ կղզու բացառիկ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի նորմավորումը: Միակողմանի գործողությունները, ուժի ցուցադրումն այստեղ անթույլատրելի են, հղի ոչ միայն Կիպրոսի, այլև Արևելյան Միջերկրաժովյան շրջանում իրավիճայի սրմամբ»,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ժամանակավորապես դադարեցրել է բանակցությունները Կիպրոսի հունական մասի իշխանությունների և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուի միջև: Ըստ Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի, նման որոշման պատճառը Թուրքիայի սադրիչ ու ագրեսիվ գործողություններն են, որոնք խախտում են հանրապետության ինքնիշխան իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը: Ըստ պարբերականի, հոկտեմբերի 7-ին նախատեսված Անաստասիադիսի և Էրօղլուի հանդիպումը հետաձգվել է:

Կիպրոսի ԱԳ նախարար Կասուլիդիսը հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իր սադրիչ գործողություններով սպառնալիքի տակ է դնում Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների հաջող անցկացման հեռանկարները:

«Մենք հատկապես լուրջ զարգացում ենք համարում Թուրքիայի կողմից հետազոտական նավի գործուղումը կղզուց դեպի հարավ ընկած շրջան, որտեղ այժմ աշխատում են իտալական Eni և հարավկորեական «Կոգազ» ընկերությունները»,-ասել է մամուլի ասուլիսում ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, արդյունավետ բանակցությունները չեն կարող շարունակվել «նման սադրանքի պայմաններում»: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են դադար վերցնել ու կասեցնել բանակցությունները: «Ամեն դեպքում որոշումն ընդունելու է նախագահ Նիկոս Անաստասիադիսը,-հայտնել է Կասուլիդիսը:-Երեքշաբթի նա խորհրդակցություն կանցկացնի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Այս պահի դրությամբ մենք մի շարք պատասխան դիվանագիտական ու իրավաբանական միջոցների ցուցակ ենք պատրաստել»:

Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:

Բնական գազի զգալի պաշարները Կիպրոսի առափնյա շրջանում դեռ 2011 թ. հայտնաբերել էր ամերիկյան Noble Energy ընկերությունը: Դրանից հետո կառավարությունը համաձայնագիր կնքեց Eni և «Կոգազ» կոնսորցիումների, ինչպես նաև ֆրանսիական Total-ի հետ:

Ավելի ուշ ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին հայտարարեց, որ Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: «Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---