9 հոկտեմբերի 2014 - 21:34 AMT
Թբիլիսիում ամրացնում են հայկական Նորաշեն եկեղեցին. Վանքի արտաքին տեսքին չեն դիպչելու

Թբիլիսիում հոկտեմբերի 8-ին սկսվել են քաղաքի կենտրոնում գտնվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքը, Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդել է կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը, որի կազմում էին Վրաստանի մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար» կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի հիմնական նպատակն է այն խնդիրների լուծման ուղիների մշակումը, որը չի կարողացել իր հանգուցալուծումը գտնել երկար տարիների ընթացքում:

«Իսկ խնդիրն այն է, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից հետո՝ 1991-ից պետությունը սկսել է վարել խտրական քաղաքականություն կրոնական «փոքրամասնությունների» հանդեպ: Խտրական քաղաքականության գոյության ամենավառ ապացույցը դարձավ այն, որ կրոնական շենքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանում էին տարբեր կրոնական միաբանություններին (Հայ Առաքելական, Հռոմեական-կաթոլիկ, Լյութերական եկեղեցիներին և այլն), Վրաստանի անկախության հռչակումից հետո անցան Վրաստանի Պատրիարքարանի հովանու ներքո: Արդյունքում վրացական եկեղեցին իրականացրել է եկեղեցական շենքերի փաստացի բռնագրավում և նվաճում, հիմնականում հայկական և կաթոլիկ: Շատ եկեղեցիներ, որոնք առաջ հայկական էին, այսօր արդեն վերափոխվել են վրացականի… Այն եկեղեցական հաստատությունները (Թբիլիսիում և շրջաններում), որոնք վրացական եկեղեցին «չի հասցրել» նվաճել, հայտարարված են «վիճահարույց»:

Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների դրությունը նախանձելի չէ… Եկեղեցական շենքերի պատկանելության վեճը արդեն ձգվում է 20 տարուց ավելի, միևնույն ժամանակ վեճի առարկաները ոչնչացվում են: Բառիս բուն իմաստով: Որոշ դեպքերում մտածված, որոշ դեպքերում էլ անուղղակի մտածված` բնական գործոնների ազդեցությամբ… Քրիստոնյա երկրում քրիստոնեական եկեղեցու ոչնչացման վերջին փաստը կատարվել է բոլորովին վերջերս` սեպտեմբերի 21-ին, երբ քանդվեց «վիճահարույց» Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Մինչ այդ քանդվել էր Սուրբ Նշանը, ավելի առաջ Մուղնեցոց Սուրբ Գևորգը և այլն:

Ամեն նման քանդվելու փաստից հետո պետությունը հրապարակայնորեն խոստանում է հետագայում թույլ չտալ երկրի մշակութային ժառանգության ոչնչացում, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվում: Եկեղեցիները շարունակում են քանդվել»,- նշվում է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

«Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները կտևեն մոտավորապես մեկ տարի: Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի մշակույթի նախարարությունը: Նպատակն է թույլ չտալ եկեղեցիները ոչնչացումը: Հարկ է նշել, որ Նորաշեն տաճարի ամրացման աշխատանքներ սկսելու որոշումը հանձնաժողովը ընդունեց միայն այն բանից հետո, երբ մենք հարցից տարանջատեցինք քաղաքական գործոնը: Այսինքն հանձնաժողովը պայմանավորվել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ամրացնել եկեղեցու շենքը, թույլ չտալ նրա քանդվելը, և շենքը փրկելուց հետո միայն թող կողմերը նստեն և որոշեն, թե ում է պատկանում շենքը: Մենք կարծում ենք, որ դա միակ ճիշտ ուղին է: Հայկական և վրացական եկեղեցիները արդեն 20 տարուց ավել է, ինչ վիճում են եկեղեցական շենքերի պատկանելության շուրջ, և միաժամանակ մենք՝ Վրաստանի քաղաքացիներս և վիրահայերս, կորցնում ենք պատմամշակութային ժառանգության հուշարձանները… Այդ քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք շատ ժամանակ և շատ հուշարձաններ: Եկել է մոտեցումը փոխելու ժամանակը: Նորաշենի ամրացման աշխատանքերի սկիզբը տվյալ հարցի շուրջ քաղաքականության փոփոխության արդյունք է: Եկեղեցին կամրացվի, կպաշտպանվի ոչնչացումից: Բարեբախտաբար մենք ականատեսը չենք լինի, թե ինչպես է ոչնչանում Նորաշենը մյուս եկեղեցիների նման», -ասել է կառավարական հանձնաժողովի անդամ, «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի որոշմամբ կամրացվեն հիմքը և պատերը: Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նրան ոչ ոք չի դիպչի: Ամեն ինչ կմնա ինչպես որ կա:

Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության հարցը քննարկվել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի Թբիլիսի կատարած այցի ժամանա: Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը Սահակյանը նշել է վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Եկեղեցիների հարցը քննարկվել է նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել հրատապ քայլեր ձեռնարկել եկեղեցիների վերականգնման և պահպանության համար: Կաթողիկոսն էլ նշել է, թե Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ: