10 հոկտեմբերի 2014 - 12:48 AMT
Նոր բախումներ Թուրքիայում. 10-ը սպանված, 20-ից ավելի վիրավոր մեկ օրում

Թուրքիայում շարունակվում են զինված բախումները քրդերի, ոստիկանների, թուրք ազգայնականների ու «Իսլամական պետության» կողմնակիցների միջև՝ զոհերի թիվը հասել է 35-ի:

Ըստ Hurriyet-ի, 10 մարդ է զոհվել հոկտեմբերի 9-ի երեկոյան: Զոհվածների թվում երկու ոստիկան կա, այդ թվում Բինգյոլի ոստիկանապետ Աթալայ Ուրկերը: Վերջինս զոհվել է հրկիզված ոստիկանական բաժանմունք այցելելոււ ժամանակ, երբ անհայտները նրա ուղղությամբ կրակ են բացել:

Ուրկերի սպանությունը ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի առաջին սպանությունն է 2001-ից ի վեր, երբ սպանվեց Դիարբեքիրի ոստիկանապետը:

Քրդամետ Firat գործակալությունն, իր հերթին հայտնում է, որ Բինգյոլում ոստիկանների բացած կրակի արդյունքում 5 խաղաղ բնակիչ է սպանվել: Սպանվածներին իշխանամետ թուրքական ԶԼՄ-ները ներկայացնում են որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների:

Ընդհանուր առմամբ վերջին օրերին 10 մարդ է սպանվել Դիարբեքիրում, 6-ը՝ Մարդինում, 5-ը՝ Բինգյոլում, զոհեր կան Ադանայում, Բատմանում, Մուշում, Այնթափում և այլ քաղաքներում: Թուրքերով և քրդերով բնակեցված Այնթափում թուրք աջակողմյան ծայրահեղական երիտասարդները զինված երթ են կազմակերպել: Երթն ավարտվել է քրդերի հետ փոխհրաձգությամբ, 20 մարդ վիրավորվել է: Անկարգությունների արդյունքում թալանվել է զենքի ու սպառազինության մի քանի խանութ, գողացվել է 100-ից ավելի զենքի միավոր:

Բողոքները սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ):

Photo: DHA