37  10.10.14 - «Ժառանգության», ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համատեղ հանրապետական համահավաք

Ոչ իշխանական եռյակի համահավաքը. Սարգսյանական ռեժիմը սպառված է

Ոչ իշխանական եռյակի համահավաքը. Սարգսյանական ռեժիմը սպառված է

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայացել է ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրապետական համահավաքը, որին ինչպես նախապես հայտարարվել է, մասնակցել են նաև այդ ուժերի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

Օրակարգում 12 կետն էր՝ գումարած էլեկտրաէներգիայի հարցը: ՀՀ իշխանությունները, ըստ ոչ իշխանական ուշերի տարածած հաղորդագրության, գրեթե ամբողջապես անտեսել են իրենց առաջադրած 12 կետի ոչ միայն փաստացի կատարումը, այլև համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Հանրահավաքին առաջինը ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ իրենք լցված են խաղաղությամբ.

«Մեր հանրահավաքը ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի դեմ: Մենք ունենք ներսում խնդիրներ, ունենք երկրում լուծելու խնդիրներ: Հանրահավաքն ուղղված է սոցիալական խնդիրների, սեփական իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ ուշադրության բացակայության դեմ: Հենց սոցիալական խնդիրների կույտը դարձավ պատճառ այստեղ հավաքվելու»:

Իսկ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, թե իշխանությունը երկրում ձախողել է, հիմա էլ ուզում է Սահմանադրություն փոխել, որ վերարտադրվի ևս 20 տարի:

«Այսօր ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն օրհասական է, մենք բոլորս տեսնում ենք, իշխանությունը ձախողել է»,- հայտարարել է Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ այն ձախողվել է ինչպես վերջին 7-8 տարիներին, այնպես էլ նոր կառավարության կողմից:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում միավորման կոչ է արել՝ անկախ քաղաքական հայացքներից: Նա նշել է, որ եռյակն ավարտված է համարում 12 կետի հետ կապված փուլը և գտնում, որ այս իշխանություններն ամբողջությամբ սնանկ են, գրում է Tert.am-ը։

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ վստահեցրել է՝ հարթակում կանգնած ուշերը ժողովրդին հուսախաբ չեն անելու:

«Այսօր այստեղ` հարթակում են արժանապատիվ քաղաքական ուժեր: Ձեր վստահությունն արդարացնելն արժանապատվության հարց է մեզ համար: Վստահեցնում եմ, որ այստեղ կանգնած ուժերից որևէ մեկը ձեզ հուսախաբ չի անի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ որ իշխանությունների գնացքն արդեն գնացել է, հաղորդում է Aysor.am-ը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանից վերանում է: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը,նա ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյայլները՝ 2014 թվականի դրությամբ աշխարհի 45 երկրում գտնվում է միգրանտի կարգավիճակ ունեցող 770 հազար հայաստանցի: Վերջին տարիներին 400 հազար հայաստանից ՌԴ քաղաքացիություն է ստացել:

Ըստ նրա, Հայաստանից հեռանում են հիմնականում 20-50 տարեկանները, հիմնականում՝ տղամարդիկ:

«Այս ամենի պատճառով Հայաստանում կա 100 հազար միայնակ կին, որից 50 հազարը՝ ամուսնության տարիքի: Արտագաղթի պատճառով նվազել է ծննդաբերությունը, նվազել են ամուսնությունները, աճել են ամուսնալուծությունները, թոշակառուների թիվը»,- ասել է պատգամավորը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հանդես է եկել առաջարկությամբ. կա երկու ձև, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իշխանությանը մնում է կա՛մ ընկրկել, կա՛մ առերեսվել։ Զուրաբյանը նշել է, թե իրենք չեն ցանկանում ցնցումներ և առաջարկում են իշխանությունը փոխանցել խաղաղ ձևով։

Ազատության հրապարակի հարթակից «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ անդրադարձել թ հինգ տարի առաջ ստորագրված հայ–թուրքական արձանագրություններին՝ նշելով, որ դրանք հակապետական էին և հակասահմանադրական և շարունկությունն էին 1921 թվականին Մոսկվայի և Ղարսի պայամանագրերի:

Անդրադառնալով այսօր Հայաստանի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ հերթական անգամ արհամարհվել է ժողովրդի ձայնը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօրվա հանրահավաքին ելույթ չի ունեցել՝ նշելով, որ միայն լսելու է գործընկերներին:

«Ես խոսելու եմ հաջոդ հանրահավաքին, բայց կարող եմ ասել, որ մեր երկիրն ունենալու է մեծ հաջողություն, և դա լինելու է այսօրվանից սկսած»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ հաջողությունը պայքար է ու դժվար ճանապարհ.

«Ես պատրաստ եմ ձեր կողոքին լինել, մենք պետք է միասին լինենք, հավասարակշռված քայլենք: Ամենակարևորը՝ իմացեք, որ ես ձեզ հետ եմ, մյուս հանարահավաքին ես իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք: Աստված պահապան»:

«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան էլ իր ծավալուն ելույթում հայտարարել է, թե ընդդիմադիր խորհրդարանական ուժերի գործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման, իսկ նորաստեղծ շարժումn այսուհետ գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը։

«Շարունակելով հանդերձ մեզ հետ գործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»,-հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանն ու հավելել.

«Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ տիրապետելով լիարժեք տեղեկատվության և ելնելով նպատակահարմարությունից, քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը և հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ժողովրդից ակնկալվում է լիովին վստահել քառյակին և ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետև առանց փոխադարձ վստահության ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել։

«Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաև արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի և ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ և ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային, թե փուլային տարբերակներին, կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում»,- եզրափակել է Տեր-Պետրոսյանը:

Համահավաքն ավարտվել է Փոքր կենտրոնով երթով, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել հաջորդ ցույցի ժամանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---