11 հոկտեմբերի 2014 - 12:42 AMT
Ռուս սենատորը կարծում է, որ Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը

Ռուսաստանի Դաշնության խորհրդում կարծում են, որ 2015-ի հունվարի 1-ից մեկնարկող Եվրասիական տնտեսական միության աշխատանքը կնպաստի մասնակից երկրների ներքին շուկայի զարգացմանը: «ԵՏՄ ստեղծումն, առաջին հերթին, ուղղված է անդամների ներքին շուկայի զարգացմանը, մենք դիտարկում ենք այդ գործընթացը որպես ռուսական քաղաքականության և երկրի նախագահի մեծ հաղթանակ»,-ասել է ԴԽ տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Շատիրովը: Նա վստահություն է հայտնել, որ «հին տնտեսությաւնների», առաջին հերթին եվրոպական երկրներում, աճի դանդաղեցման ֆոնին այլընտրանքային շուկաների ստեղծումը կաշխատի հօգուտ սեփական կարիքների, այդ թվում նաև այդ երկրներից յուրաքանչյուրում նպաստելով ներկրման ծավալների կրճատմանը:

«Համատեղ շուկան կնպաստի տնտեսությունների ինքնազարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, և, անկասկած, կանդրադառնա ՀՆԱ վրա»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ԴԽ միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը ԵՏՄ ընդլայնման հույս է հայտնել, այդ թվում նոր երկրների անդամակցությունը նկատի ունենալով: «Այժմ արդեն չորս երկիր է. Հայաստանը միացավ»,-նշել է սենատորը, հույս հայտնելով, որ ԵՏՄ մասին համաձայանգիրը առաջիկայում կվավերացվի ՀՀ ԱԺ-ում: «Շատ հաճելի է, որ Ղրղզստանը ևս առաջիկայում անդամակցության մասին որոշում կկայացնի»,-հավելել է նա: Ըստ Ջաբարովի, ինտեգրման գործընթացներից չի կարելի բացառել ԽՍՀՄ նախկին հանրապետությունները: Նա հիշեցրել է, որ Տաջիկստանը ժամանակին ԵՎրԱզԷՍ-ի հիմնադիրներից մեկն էր: «Կարծում եմ, չի կարելի լքել այդ հանրապետությունը»,-ասել է սենատորը՝ համոզվածություն հայտնելով, որ ժամանակի հետ կմշակվի նաև ԵՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:

«Բացի այդ, վատ չեն զարգանում մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, մենք հուսով ենք, որ կառուցողական գործակցություն կլինի այդ ուղղությամբ»,-նշել է ԴԽ կոմիտեի փոխնախագահը: Նա հիշեցրել է, որ Բաքուն դադարեցրել է գործնեությունը Արևելյան գործընկերության ծրագրում և ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրել: «Եթե ժամանակի հետ Ադրբեջանն ԵՏՄ-ին անդամակցելու որոշում կայացնի, չնայած ղարաբաղյան հակամարտությանը, ապա դա հենց հակամարտության կարգավորման ուղի կլինի, երբ երկու երկրները միասին կլինեն նույն տնտեսական միության մեջ»,-ասել է նա:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է:

Photo: Vmeste-rf