Ինջիղուլյանը գերության մեջ բռնությունների ու խոշտանգման է ենթարկվել. Քննչական կոմիտե11 հոկտեմբերի 2014 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը, որի շրջանակում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ գտնվելու պայմանները։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Կոմիտեից հայտնում են, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։ Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք` ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով` նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ: Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ: Ինջիղուլյանը մանրամասն պատմել է, թե ինչպես են իրեն տարել գեներալ Օսմանովի շտաբ, որտեղից էլ՝ Բաքվի ռազմագաղութ, որտեղ նրա նկատմամբ պարբերաբար կիրառվել են ֆիզիկական բռնություններ, հատկապես` հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու սպառնալիքներով ստիպել է հայ զինծառայողին հարցազրույցների ժամանակ հայտնել այն ամենը, ինչ նրանք կցանկանան: Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը։ Նշված ռազմագաղութում հայ զինծառայողը մնացել է շուրջ մեկ տարի և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված` երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո: Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում` զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում` իրականացնելով մարտական հերթապահություն։ Գերության ընթացքում նա ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, անմարդկային հալածանքների։ Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողի նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ինքնությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի լույս 2-ի գիշերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է: Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Ինջիղուլյանը, իր համար շատ մեծ ուրախություն է Հայաստանում գտնվելը, հայրենիք վերադառնալը: «Շնորհակալ եմ միջազգային այն կազմակերպություններին, որոնք օգնեցին ինձ ազատվել ադրբեջանական գերությունից, այնուհետև Հայաստան վերադառնալ: Ինքնակամ եմ որոշել վերադառնալ հայրենիք, բայց նրանք ինձ օգնել են այդ հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է գնալ ու շարունակել 9 ամսվա ծառայությունը: Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։ Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը: «Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- ավելի վաղ նշել էր նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: 2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Photo: Razm.info Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |