Արցախը հավակնում է 7 տարի անց դառնալ սև խավիարի ամենախոշոր արտահանողներից մեկը

Արցախը հավակնում է 7 տարի անց դառնալ սև խավիարի ամենախոշոր արտահանողներից մեկը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ և սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ խոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը, հայտնում է Karabakh Open-ը:

Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո Արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:

Վերջին տարիներին ձկնաբուծությունը լայն տարածում է ստացել Հայաստանում: Ի թիվս այլ ձկնատեսակների աճեցվում է իշխան և թառափ, որի շնորհիվ հիմնվել է նաև կարմիր և սև խավիարի արտադրություն: Քանի որ Սևանի իշխանի հետագա ճակատագիրը վտանգված է, 2014 թ. ընդունվեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի, որի համաձայն ակնկալվում է առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 հազ. տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ, յուրաքանչյուր տարի ցանցավանդակային տնտեսությունների կողմից ձևավորված հասույթի 1.5%-ի տրամադրում հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար:Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության և մասնավորի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Արա Հարությունյանը պատմել է նաև լեռնահանքային, արդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին: Վարչապետը նշել է, որ արտերկրյա ներդրումների ծավալն աճում է, իսկ վստահությունը երկրում քաղաքական և տնտեսական կայունության հանդեպ մեծ է:

Հարությունյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքական օրակարգը: Պատասխանելով Արցախի քաղաքական ապագայի մասին հարցին՝ վարչապետը կարևորել է նաև երկրի տնտեսական զարգացումն ու ՀՀ կառավարության աջակցությունն այդ հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---