10 հունիսի 2006 - 16:21 AMT
Հարավային Կովկասում անհայտ կորածների մասին զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ զեկույցը «Հարավային Կովկասում անհայտ կորածների մասին» առաջարկվում է քննարկել վեհաժողովի ձմեռային նստաշրջանում 2007 թվականի հունվարին: Այդ մասին Բաքվում հաղորդել է ԵԽԽՎ զեկուցողը այս հարցի վերաբերյալ հոլանդացի խորհրդարանական Լեո Պլատվոետը, ամփոփելով հունիսի 4-9-ը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան իր կատարած այցի արդյունքները: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների հետ կապված իրավիճակին` Պլատվոետը արտահայտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ կառույցի ստեղծման օգտին: «Անհայտ կորածների որոնման նմանատիպ կառույցներ գործել են նաեւ Բալկաններում: Նրանց գործունեությունը պետք է հիմնվի Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի սկզբունքների վրա: Անհայտ կորածների հարցը տարածաշրջանի երկրներում կարտացոլվի զեկույցում իր հումանիտար ասպեկտով, քանի որ խնդրի քաղաքականացումը շատ վտանգավոր է»,-նշել է Լեո Պլատվոետը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: