15 հոկտեմբերի 2014 - 11:04 AMT
Սպիտակ տունը պնդում է՝ իսլամիստների դեմ պայքարում Թուրքիայի հետ տարաձայնություններ չկան

ԱՄՆ-ն ժխտում է տարաձայնությունների առկայությունը Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքի դեմ դիմակայությունում: Դա հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Թուրքիան հիմա ավելի շատ չի վնասում, քան օգնում»: Հարցը թելադրված էր թուրքական ՌՕՈւ հարվածներով քրդերի զինված կազմավորումների դիրքերին, գրում է ՏԱՍՍ-ը:

Էռնեստը հիշեցրել է, որ Թուրքիան համաձայնվել է իր ռազմակայանները տրամադրել սիրիական ընդդիմության գրոհայիններին նախապատրաստելու համար, որ նա մասնակցում է իսլամիստների ուժերի համալրմանը խոչընդոտող գործողություններին և պայքարում է նրանց կողմից նավթի մաքսանենգության դեմ: Մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է «Անկարայի այդ հանձնառությունները» և հայտնել է, որ Թուրքիայում են գտնվում Պենտագոնի մի խումբ մասնագետներ, որոնք այդ «հանձնառությունները պետք է տեղափոխեն գործողությունների հարթակ»:

Մինչդեռ, Foreign Policy ամսագիրը հայտնում է, որ ԱՄՆ ու Թուրքիայի միջև «դիվանագիտական վեճ է» ծագել այն առանցքային հարցի շուրջ, թե «թույլ կտա արդյոք Թուրքիան, որտեղ գտնվում է ԱՄՆ մեծ ավիաբազան, ԱՄՆ մարտական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Իրաք ու Սիրիա ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար: Ըստ հրապարակման, թուրքական իշխանությունները հակառակ ԱՄՆ պաշտոնյաների հավաստիացումներին, «կտրականապես հերքում են», որ համաձայնություն են տվել: Ըստ պարբերականի, դա ընդհանուր առմամբ վկայում է այն մասին, որ Վաշինգտոնի ձևավորած կոալիցիան «ամենևին էլ այնքան կուռ չէ, որքան պնդում է Վաշինգտոնը»: Էռնեստը ճեպազրույցում ասել է միայն, որ «ռազմակայանների մասին հարցը պետք է քննարկվի»:

Հոկտեմբերի 13-ին թուրքական «Զամանը», Anadolu պետական գործակալության վրա հղումով հայտնեց, որ Անկարան համաձայնություն չի տվել ԻՊ դեմ հարվածների համար թուրքական ավիաբազաների օգտագործման համար: «Տվյալ պահին Թուրքիայի ու ԱՄՆ միջև գործում են Ինջիրլիկի ավիաբազայի օգտագործման նախկին պայմանավորվածությունները, և նոր լրացուցիչ պայմանավորվածություն, ըստ աղբյուրի կառավարությունում, չկա»,-հայտնել է պարբերականը:

Ավելի վաղ Guardian-ը հայտնել էր, որ թուրքական իշխանությունները համաձայնություն են տվել Ինջիրլիկի օգտագործման համար: Համաձայնությունը տրվել է Օբամայի վարչակազմի կողմից Անկարայի հանդեպ մի քանի շաբաթ տևող ճնշումների արդյունքում: Զուգահեռաբար, սակայն, թուրքական իշխանությունները կստանձնեն հակաասադական կոալիցիայի կամավորների մարզումն ու նախապատրաստումը, որոնք, ըստ Արևմուտքի մտահղացման, պետք է պայքարեն ԻՊ դեմ:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: