IRFS-ը խստորեն դատապարտում է հետաքննող լրագրողների հետապնդումն Ադրբեջանում

IRFS-ը խստորեն դատապարտում է հետաքննող լրագրողների հետապնդումն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS) խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ արշավը և կոչ է անում իշխանություններին՝ անմիջապես վերջ տալ ոտնձգություններին։

Ինչպես նշվում է, Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ զրպարտության մեղադրանքով քրեական հայցը, Հայաստանի հետ համագործակցելու համար նրան պետական դավաճանության մեջ մեղադրելը և վերջերս Բաքվի օդանավակայանում նրան պահելը հստակ ցույց են տալիս, որ նրա ձերբակալությունն անխուսափելի է։

Դատախազությունը նրա նկատմամբ ճամփորդական արգելք է սահմանել, որի պատճառով հոկտեմբերի 12-ին Իսմայիլովան չի կարողացել մեկնել Պրահա և մասնակցել միջազգային ֆորումի։ Լրագրողին, սակայն, չեն ներկայացրել ճամփորդական արգելքի մասին դատարանի որոշումը։

Առանց օրինական հիմքերի ճամփորդական արգելքը կոպտորեն խախտում է Իսմայիլովայի տեղաշարժման ազատությունը, որն ամրագրված է Ադրբեջանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։

IRFS-ը նշում է, որ Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները կապված են նրա գործունեության հետ, ով հետաքննել է Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն դեպքերը, միջազգային հանրությանը տեղեկացրել Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների իրավիճակի մասին։

IRFS-ը միջազգային հանրությանը հիշեցնում է, որ վերջին 2 ամիսներին Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման առումով աննախադեպ են եղել։ Մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունն ավելին քան ակնհայտ է։

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը կոչ է անում նախագահ Իլհամ Ալիևին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել խոսքի ազատության ապահովման համար՝ նրան հիշեցնելով իր սահմանադրական պատասխանատվության մասին՝ որպես մարդու իրավունքների երաշխավոր: Կազմակերպությունը միջազգային կառույցներին՝ հատկապես Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին, կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ խոսքի ազատության ապահովման համար իր ստանձնած պարտավորությունների կատարման համար և մասնավորապես պահանջել ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ընդունվել է Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ ճնշումների մասին բանաձևի նախագիծ, որը հուլիսի 3-ին հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։ Այն ԵԽԽՎ-ում նախաձեռնել է ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի։

Բանաձևի նախագծով Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում կոռուպցիոն բացահայտումներ կատարող հետաքննող լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների ամենաբարձր մակարդակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց ուղղված քննադատությունները լռեցնելու ամենավառ օրինակն Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---