8  17.10.14 - ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը

Համաշխարհային մամուլը Հայոց ցեղասպանության մասին. Գրքի առաջին օրինակը՝ նվեր Թուրքիայի նախագահին

Համաշխարհային մամուլը Հայոց ցեղասպանության մասին. Գրքի առաջին օրինակը՝ նվեր Թուրքիայի նախագահին

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս է լուսաբանել XIX-XX դարի արտասահմանյան մամուլը Հայոց ցեղասպանությունը: Հարցին պատասխանում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ հոկտեմբերի 17-ին:

Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը:

«Այս պատկերներն Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են: Եվ մերօրյա Թուրքիան, և դրա ղեկավարությունն ընդամենը մեկ հնարավորություն ունեն՝ ընդունել Օսմանյան կայսրության այս անձնագրավորումը, կամ ձեռնպահ մնալ ու երբեք չխոսել արդար հիշողության մասին»,- շնորհանդեսին հայտարարեց հեղինակը՝ նշելով, որ համաշխարհային մամուլի էջերին պատկերված այդ տեսարանները հայ ժողովուրդը և աշխարհը դեռևս հարյուր տարի առաջ են տեսել, սակայն այսօր էլ պատկերը նույնն է. նույն ոճն է, նույն պայթյունը, նույն Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը:

Գրքի ստեղծման գաղափարը ծագել է 6 տարի առաջ: Այս ամբողջ ընթացում թանգարանն ու անձամբ Դեմոյանը զբաղվել են թերթերի հավաքչությամբ, եղել են նաև նվիրատվություններ:

«Գաղափարը հետևյալն էր՝ օգտագործել այն ժամանակվա թերթերի առաջին էջերի պատկերագրությունը, որպեսզի ներկայացվի Ցեղասպանության բոլոր դրվագները՝ լինի դա լուսանկարների տեսքով, թե թերթի նկարչի երևակայության արդյունք»:

Եզրափակելով խոսքը՝ ՀՑԹԻ տնօրեննազդարարեց յուրահատուկ, խորհրդանշական գործողության մեկնարկ.

«Այսուհետ Ցեղասպանության թանգարանի ցանկացած հրատարակության առաջին 3 օրինակի հասցեատերը նույնն են լինելու՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը»:

Հեղինակը հենց շնորհանդեսի ընթացքում գրքի 3 օրինակ մակագրեց վերոնշյալ պաշտոնյաների անունով՝ նշելով, որ իրենք գիտեն գրքերը տեղ հասցնելու ճանապարհը: Նա վստահություն հայտնեց, որ թուրքական այս 3 գերատեսչության շենքերում շուտով հատուկ անկյուն է ձևավորվելու, որտեղ կուտակվելու են Ցեղասպանության անհերքելի ապացույցներն ու իրենց ուղարկված գրքերը:

Գիրքը պատրաստված է երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցությամբ:

«Սա մեր երախտագիտության խոսքն է այն երկրներին, մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գրքի հրատարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվո հարց է: Արդեն երրորդ անգամ ենք գործակցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, երրորդ գրքի հրատարակությունն ենք ֆինանսավորում, և հպարտ ենք այս գործակցությամբ»,- նշեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն էլ վստահություն հայտնեց, որ այսուհետ պատմության հետ առերեսվել ցանկացող մարդ կարող է դա անել պարզապես թերթելով այս գրքի էջերը, ծանոթանալով Ցեղասպանության մասին հոդվածներին, այն էլ ոչ թե հայկական մամուլի էջերից, այլ՝ միջազգային:

«Այս գիրքը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»,- նշեց նա:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողՀարություն Մարությանն էլ կարևորեց, որ Եվրոպական մամուլի առաջին էջերի այս հավաքածուն ապացուցում է՝ աշխարհում տեղյակ են եղել հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործության մասին:

«Ամեն պետություն արձագանքել է այն չափով, որքանով կարողացել է, որքանով դա համապատասխանել է տվյալ պետության շահերին»,- ասաց նա՝ նշելով, որ հավաքածուն ստեղծվել է տարիների աշխատանքի արդյունքում, մեծագույն սիրով ու նվիրմամբ:

Հայոց ցեղասպանությանն առնչվող հարյուրավոր գիտական ու փաստական աշխատություններ ու գրքեր են հրատարակվել աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգի գիտնականների կողմից: Մի ամբողջ գրադարան կարող են կազմել գեղարվեստական գրականության անդրադարձները` տարբեր ժանրային իրացումներով:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է