Սպիտակի երկրաշարժի մասին նոր կինոֆիլմը կպատմի փլատակների տակ մնացած մոր ու մանկան մասին (վիդեո)

Սպիտակի երկրաշարժի մասին նոր կինոֆիլմը կպատմի փլատակների տակ մնացած մոր ու մանկան մասին

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարին կսկսվեն 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող համատեղ ռուս-հայկական «11:41» ֆիլմի նկարահանումները:

Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզելը», նկարահանումները տեղի կունենան Երևանում, Գյումրիում և Մոսկվայում, դերերում կնկարահանվեն Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Սիդիխինը, Չուլպան Խամատովան, Ռաֆայել Քոթանջյանը, Մկրտիչ Արզումանյանը և Սոս Ջանիբեկյանը:

Ֆիլմի պրոդյուսերն ու հեղինակը Ալեք Շահբազյանն է՝ Cinema Concept Production ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը: Ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 2,5 մլն դոլար:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում երիտասարդ կնոջ և նրա 1,5 տարեկան երեխայի պատմությունն է, որոնք երկրաշարժի ժամանակ մնում են փլատակների տակ: Ըստ սյուժեի, յոթ օր երիտասարդ կինը փորձում է պայքարել դստեր կյանքի համար, արյուն քամելով քրքրված մատներից, երեխային կերակրելու համար: Երբ ուժերն արդեն սպառվելու վրա են, գալիս է երկար սպաված օգնությունը: Մորն ու դստերը փլատակներից հանում են ռուս զինվորական փրկարարները: Մոր դերը կատարում է Չուլպան Խամատովան: «Այդ կերպարները՝ մոր ու դստեր, իրական են, իրական մարդիկ են, նրանք ողջ են և կմասնակցեն ֆիլմի ստեղծմանը որպես խորհրդատուներ»,-պատմել է Շահբազյանը:

Արմեն Ջիգարխանյանը կատարում է կոշկակարի դերը, որը ողջ է մնացել, քանի որ երկրաշարժի ժամանակ փողոցում է եղել: Ջիգարխանյանի հերոսը միայնակ թույլ չի տալիս, որ դիակապտները մոտենան շենքին և հուսադրում է ողջ մնացած հարևաններին: Նրա որդին հանցագործ է և նստած է բանտում: Եվգենի Սիդիխինը կատարում է Աֆղանստանով անցած ռուս փրկարարի դերը՝ նա լեռներում մարդկանց փրկելու փորձ ունի:

Նկարահանումները կտևեն մոտ կես տարի: Մոտավորապես նույնքան ժամանակ կպահանջվի մոնտաժի և հնչյունավորման համար: Ֆիլմը ստեղծողները հուսով են, Հայերի համաշխարհային կոնգրեսի օգնությամբ, ֆիլմի համաշխարհային պրեմիերան կազմակերպել 2015-ի դեկտեմբերի 7-ին, 11:41-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ և Բելգիայի հետ արդեն պայմանավորվածություն կա, պատմել է Շահբազյանը:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաավերիչ աղետներից է համարվում:

26 տարի անց աղետի գոտում հազարավոր մարդիկ դեռ ժամանակավոր շինություններում են բնակվում:

Մինչև այդ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ևս մեկ ֆիլմ կնկարահանվի՝ «Մի երկրաշարժի պատմություն»: Այն կնկարահանեն «Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հեռուստա- և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ ու Ղևոնդ Անդրեասյանները:Դրա իրադարձությունները ծավալվելու են Լենինականում: Գլխավոր հերոսները երիտասարդ հայ Ռոբերտ Մելքոնյանն ու տարիքով ավելի մեծ ռուս փրկարար Անդրեյ Բերեժնոյն են: Ֆիլմի դերակատարների որոնումներն իրականցվում են ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, այլև այլ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում: Այս պահի դրությամբ Բերեժնոյի դերակատարության հավանական թեկնածուն Վլադիմիր Մաշկովն է, բայց պայմանավորվածություններ դեռ չեն ստորագրվել:

Հավանաբար, նկարահանումներն անցնեն ՌԴ կառավարության, մշակույթի, ՊՆ ու ԱԻՆ, ինչպես նաև ռուսական Առաջին ալիքի աջակցությամբ, ինչպես նաև, Շառլ Ազնավուրի հիմնադրամի ու Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասնակցությամբ: Բյուջեն մոտ 5 մլն դոլար է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---