Կառավարական պատվիրակության օրակարգն Իրանում հագեցած է՝ նավթից մինչև մշակույթ (թարմացված)

Կառավարական պատվիրակության օրակարգն Իրանում հագեցած է՝ նավթից մինչև մշակույթ (թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրան: Աբրահամյանն Իսլամական Հանրապետությունում է առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով: Կայացել է Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը:

Հանդիպման ավարտին Աբրահամյանը մասնավորապես հայտարարել է, որ քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ջահանգիրին իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: «Անցած տասնամյակների ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում»,-ասել է նա: Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

Նա նշել է նաև, որ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերը լինելու են նաև երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնոմ:

Ավելի ուշ ԻԻՀնախագահի նստավայրում կայացել է Հովիկ Աբրահամյանի և նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

«Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական և գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հասան Ռոհանին էլ, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:Իրանի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Իրանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն Իրանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ վարչապետ հանդիպել է նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ:Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Սբ Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Հոկտեմբերի 19-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանիի հետ: Զանգանիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները նավթային ոլորտում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Հայաստանն ու Իրանը գազ են փոխանակում և էլեկտրաէներգիա՝ անցյալ տարի Իրանից Հայաստան է ներկրվել 900 մլն խմ գազ, փոխարենն Իրան է արտահանվել 1,14 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Հայտնի է նաև, որ Իրանի նախագահը Հայաստան կայցելի 2014-ին:

Երևանն ու Թեհրանը մի շարք լուրջ նախագծեր են մտադիր իրականացնել և իրականացնում են էներգետիկայի ոլորտում: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Իրանն ու Հայաստանը մտադիր են նաև հիդրոկասկադ կառուցել Արաքս գետի վրա Մեղրի քաղաքի մոտ: Ըստ նախագծի, ՀԷԿ-ի հզորությունը կկազմի մոտ 150 ՄՎտ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժ: Նախագծի արժեքը կազմում է մոտ 320 մլն դոլար: Ֆինանսավորումը պետք է իրականացնի Իրանը, երկիրը փոխարենը 15 տարվա ընթացքում կստանա էլեկտրաէներգիա, որից հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը:

Ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է մոտ 300 մլն դոլար՝ մոտ 198 մլն դոլար կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, և մոտ 95 մլն դոլար՝ արտահանումը Հայաստանից Իրան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---