Էրդողանի կառավարման օրոք 1863 լրագրող է ազատվել աշխատանքից

Էրդողանի կառավարման օրոք 1863 լրագրող է ազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության 12-ամյա կառավարման ընթացքում երկրում աշխատանքից ազատվել է 1863 լրագրող:

Այդ մասին հայտարարել է Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Վելի Աքբալան, ներկայացնելով «Կոտրված գրիչներով լրագրողները» զեկույցը:

Նա նշել է, որ վերջին 5 տարում անկախ լրագրողների քանակը կտրուկ նվազել է՝ 21 տոկոսից 2009 թվականին մինչև 4,7 տոկոս 2014-ին:

ԱԶԿ-ն, ըստ նրա, վերածվել է երկրում մեդիառեսուրսների կառավարման գլխավոր կազմակերպության: Անհատական հետապնդումների ենթարկված, հավաքական ցուցակներով աշխատանքից ազատված, ինչպես նաև դատապարտված լրագրողների ցուցակով զեկույցը թարգմանվել է մի քանի լեզվով և ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Ըստ «Թղթակիցներ առանց սահմանների» Մամուլի ազատության վարկանիշի, Թուրքիան 154-ն է աշխարհում ԶԼՄ-ների ազատության վարկանիշով: Խոսքի ազատության խախտումներն այդ երկրում կանոնավոր բնույթ են կրում: Ամենասկանդալային միջադեպերից էր նաև Twitter և Youtube-ի արգելափակումը:

Այն ժամանակ համացանցում հայտնվեցին բարձրաստիճան թուրք պաշտոնյաների փաստաթղթեր ու հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնք հաստատում էին կոռուպցիայի հսկայական չափերը իշխող կուսակցությունում: Այլոց թվում հանրության սեփականությունը դարձավ նաև Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ, երբ նրանք քննարկում էին, թե որտեղ կարելի է թաքցնել տանը կանխիկ պահվող 40 մլն դոլարը, ստացած որպես կաշառք պետպատվերների դիմաց: Իշխանությունները փորձեցին կասեցնել սկանդալի քննարկումները սոցցանցերում՝ պահանջելով Twitter-ից հեռացնել բոլոր հղումները: Մերժում ստանալով, Թուրքիայի իշխանություններն արգելափակեցին ծառայությունը:

Youtube-ն արգելափակվեց, երբ բարձրաստիճան թուրք զինվորականների խորհրդակցության ձայնագրության արտահոսք եղավ, որոնք քննարկում էին Սիրիայի տարածքում հնարավոր սադրանքի հրահրումը:

Մեկ այլ աղմկահարույց գործ է «Ակոսի» հայազգի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն ու այգ գործով դատավարությունը: Դինքի սպանության գործով 2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու: Կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալը, դատապարտվեց ցմահ բանտարկության, անմիջական կատարող Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման:

Դինքի սպանության գործը մինչ օրս մինչև վերջ չի բացահայտվել՚՝ 2013-ի սեպտեմբերի 17-ին վերսկսվեց սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելի դատավարությունը, որն ազատ արձակվեց առաջին իսկ որոշմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---