Տրայան Հրիսթեա. ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը ԵՏՄ օգտին

Տրայան Հրիսթեա. ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը ԵՏՄ օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մի խումբ լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր տեսակետը Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի կնքած համաձայնագրի շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցության շուրջ:

Ըստ Tert.am-ի, դեսպանը կարծում է, որ ԵՏՄ–ին անդամակցելով Հայաստանը չի դադարեցնում գործընկերությունը ԵՄ–ի հետ։ «Ճիշտ հակառակը, ես գտնում եմ, որ այն, ինչի վերաբերյալ մենք համաձայնության ենք եկել Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, այսօր էլ մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում»,– ասում է նա։

Հրիսթեան հայտարարել է, որ «հիմա, երբ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական համաձայնագիրը, մենք կցանկանայինք պարզել մեր հայ գործընկերների հետ այն ոլորտները, որտեղ մենք ստանձնում ենք խորացնել մեր հարաբերությունները, և դրանք ոլորտային համագործակցության հետ հարցեր են, ինչպես նաև այն, թե այդ ոլորտներն ինչպես կարող են համընկնել այն մանդատի հետ, որն իրավական առումով մենք պետք է քննարկենք»: «Փաստացիորեն մենք պետք է շարունակենք իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվել ենք Վիլնյուսում: Եվ ի լրումն ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության մենք կարող ենք համաձայնության գալ կոնկրետ ոլորտային աշխատանքների շուրջ և դա շրջանակավորել արդեն հետագա համագործակցության համար»,-ասել է նա:

Հրիսթեան անդրադարձել է նաև հոկտեմբերի 24-ին կայացած ընդդիմության հանրահավաքին, որտեղ հայտարարություններ հնչեցին ի սատարումն Հայաստանի անդամակցության ԵՏՄ-ին: « Մեզ համար դա ընդհանրապես մտահոգություն չէ: Երբ անցած տարի Հայաստանը որոշում կայացրեց, Եվրոպական Միությունն ասաց, որ հարգում է Հայաստանի քաղաքական ընտրությունը, և այն փաստը, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի միջև համաձայնություն կա, դա ես գտնում եմ, որ դրական երևույթ է հենց Հայաստանի համար»,-ասել է նա: Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու վտանգ կա նաև ԵՄ-ում՝ Հրիսթեան ասաց. «Չեմ կարծում, որ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության խնդիր ընդհանրապես այս փուլում գոյություն ունի: Դա խնդիր չէ»:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում էր Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է:

Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---