16  27.10.14 - Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատը

Դիվերսանտների դատը. Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական խմբի սպանված անդամը

Դիվերսանտների դատը. Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական խմբի սպանված անդամը

PanARMENIAN.Net - Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում վերսկսված այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատական նիստում ցուցմունք տալու ժամանակ նշել է Դիլհամ Ասկերովը՝ հավելելով, որ ինքը լավ է ճանաչում Շահբազ Գուլիևին և նա ընդունակ չէր նման հանցագործության։

Ամբաստանյալ Ասկերովն իրեն անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության հանցակից համարելով հանդերձ նշել է, որ այդ սպանության համար մեղքի զգացում ունի։ Նրա խոսքով ինքը 500 մ հեռու է եղել Հասան Հասանովից և Շահբազ Գուլիևից, որոնց հետ է եղել նաև Սմբատ Ցականյանը, իսկ հետո նրանց տեսել է առանց պատանու։

«Սկզբում տեսա Գուլիևին, իսկ այնուհետև Հասանովին, և երբ նրանց հարցրեցի, թե ուր է պատանին, նրանք պատասխանեցին, որ պատանին իրեն վատ էր զգում և գնացել է։ Ես մինչև ձերբակալվելս էլ չեմ իմացել, որ մեզ ուղեկցող պատանին սպանված է»,- մանրամասնել է Ասկերովը։

Ըստ ամբաստանյալի տեղեկատվության իրենք պատանուն չեն առևանգել, այլ միայն ճանապարհն են հարցրել, իսկ նա էլ քանի որ չէր տիրապետում ռուսերենին ձեռքով էր ցույց տվել Քարվաճառ տանող ճանապարհը, որից հետո Հասանովը տեսախցիկով նկարահանումներ կատարելու նպատակով ուղևորվել էր այնտեղ։

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա Սմբատ Ցականյանի սպանությունը կապում է Հասանովի ողջ չլինելու հետ, Ասկերովը պատասխանել է, որ ինքը նախաքննության ժամանակ ցուցմունք տալուց տեղյակ չի եղել Հասանովի ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու պատճառով սպանվելու մասին։

Իսկ նախօրեին կայացած դատավարության ժամանակ հետախուզա-դիվերսիոն խմբի մյուս անդամ, ամբաստանյալ Գուլիևի այն ցուցմունքին, որ տեսել էր Ասկերովին զենքը պատանու վրա պահած, իսկ Հասանովը զենքը կրում էր իր վրա չեզոք դիրքի բերված վիճակում՝ Ասկերովը սուտ ցուցմունք է համարել։

Նա նաև հայտնել է, որ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել է ԼՂՀ պետական սահմանը։Անդրադառնալով այս տարվա ամռանը Շահբազ Գուլիևի և Հասան Հասանովի հետ սահմանը հատելու հանգամանքին, նա նշել է , որ խմբի նպատակը սկզբում եղել է Շահումյանի շրջանում ինչ-որ տեղ թաքցված ոսկին գտնելը և հարազատների գերեզմաններին այցելելը։ Ասկերովի խոսքով, երբ արդեն գտնվում էին ԼՂՀ տարածքում նրանք տեսախցիկով պարբերաբար նկարահանումներ էին կատարում։ Ավելի ուշ, Ասկերովի հավաստմամբ, հասկացել է, որ խմբի անդամ Հասանովը Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից է։

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկած Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում օրվա երկրորդ կեսին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանությունից:

Չնայած ցուցմունքների հակասական լինելուն և նախաքննության մարմնին տված ցուցմունքներին անհամապատախանությանը և իրեն ներկայացված մեղադրանքները մասամբ ընդունելուն՝ Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992-ին Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո, Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ, հաղորդում է Artsakhpress-ը:

Խմբի մեկ այլ անդամի` Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013-ին, իսկ արդեն 2014 թվականի հունիսին սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում, հատել են ԼՂՀ սահմանը: Գուլիևը նաև նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց, Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով, ինքը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է: Մեղադրյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը փաստաթղթերը, ինչպես նաև մեկ խոշոր եղջերավոր անասուն:

Այնուհետև տեսախցիկով Քարվաճառ գնացած Ասկերովին նկատել են տեղի բնակիչները: Զինվորական և քաղաքացիական հագուստներով 2 մարդ են մոտեցել Գուլիևին, ում խոսքով քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշում:

Դատական նիստի առաջին մասում ցուցմունք է տվել Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, որն իրենմեղավոր չի ճանաչել սահմանը հատելու հարցում (չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում), ինչպես նաև հերքել է Սմբատ Ցականյանի սպանությանը մեղսակցությունը: Մեղադրյալների դատապաշտպաններն են Արցախի փաստաբանների պալատի անդամներ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---