16 հունիսի 2006 - 13:41 AMT
Հայաստանի նախագահը կմեկնի Մինսկ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 23-ին Մինսկում: Այդ մասին հաղորդել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, նախագահների երկկողմ հանդիպումների վերջնական ծրագիրը դեռեւս քննարկման փուլում է: Ընդ որում Վ.Սողոմոնյանը նշել է, որ գագաթնաժողովի ընդլայնված նիստի օրակարգը բավականին հագեցած է լինելու, մասնավորապես, նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ երկրներում անվտանգության հարցերի, կազմակերպության շրջանակներում միջազգային համագործակցության խորացման հարցերը: Հայկական պատվիրակության կազմում է նաեւ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ ընդլայնված նիստը կբացվի մասնակից երկրների նախագահների հանդիպմամբ` նեղ շրջանակով: Այնուհետեւ նախագահները համատեղ ընդլայնված նիստ կանցկացնեն արտգործնախարարների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղարների մասնակցությամբ: Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում նախագահները կքննարկեն կազմակերպության գործունեության գերակա ուղղություններն առաջիկա տարվա համար, ՀԱՊԿ դերն ու տեղը միջազգային անվտանգության ոլորտում, միջազգային անվտանգության ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: