16 հունիսի 2006 - 13:48 AMT
Ղարաբաղում «հրկիզումների» մասին պնդումներն ուղղված են իրավիճակի սրմանը հակամարտության գոտում
Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, թե իբր հրկիզումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանամերձ բնակավայրերում, ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրմանը եւ կողմերի փոխադարձ անվստահության խորացմանը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, միաժամանակ ադրբեջանական իշխանությունները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների ոչնչացման իրողությունից, ինչի վկայությունն է, մասնավորապես, հայկական խաչքարերի ոչնչացումը Հին Ջուղայում (Նախիջեւան):

Բացի այդ, հավելել է Մ. Մաիլյանը, ամառային չոր եղանակին Ղարաբաղի ցածրադիր գոտիներում հրդեհներ են բռնկվում, որոնց մարումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում դժվարանում է` ադրբեջանական կողմից մշտական գնդակոծությունների եւ հրշեջ խմբերի անվտանգությունը ապահովելու անհնարինության պատճառով: Չոր խոտածածկույթի բոցավառման պատճառներից մեկն էլ ադրբեջանական դիրքերից ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծությունն է լուսածրող գնդակներով, ինչպես նաեւ ադրբեջանական զինծառայողների կողմից խոտի հրկիզումը ԼՂՀ-ն Ադրբեջանից բաժանող չեզոք սահմանագծում, նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարը: