16 հունիսի 2006 - 13:55 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն պահանջում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում
Հունիսի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում` իրական դրությունը տեղում գնահատելու եւ ադրբեջանական կողմի մտացածին մեղադրանքները հերքելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Իր կողմից ԼՂՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ առաքելությանը` դիտարկումը անցկացնելու եւ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում նրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Կցանկանայի հիշեցնել, որ դեռեւս մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին, որպես վստահության հաստատման միջոց, առաջարկել էր երկկողմանի մեխանիզմ մշակել նման կարգի հիմնախնդիրների, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում արոտավայրերի հրդեհները կանխարգելելու նպատակով ջանքերը համակարգելու համար: Ցավոք, պաշտոնական Ստեփանակերտի նախաձեռնությունը աջակցություն չգտավ Բաքվում, ինչը վկայում է կողմերի իրական դիրքորոշման, մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքի բացակայության մասին»,-նշել է Մասիս Մաիլյանը: