Սոցիալական հատկացումները 2015-ի բյուջեով. Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Սոցիալական հատկացումները 2015-ի բյուջեով. Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

PanARMENIAN.Net - 2015-ի պետբյուջեի միջոցների շրջանակում նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը, 2015-ի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ: ԱԺ-ում 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Հիմնական շեշտադրումը գնում է ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների կենսամակարդակի բարելավմանը, և այս առումով քաղաքականությունը շարունակվելու է»,-ասել է նա:

Ըստ նախարարի՝ աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա գումարը կավելանա 100 դրամով, և 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն:

Զինվորական կենսաթոշակների մասով նույնպես, ըստ նախարարի, 2015-ի հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացում։

«Արդյունքում 2015-ի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62.760»,-տեղեկացրել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը հավելել է, թե սոցիալական աջակցությունը նախարարության համար շարունակելու է գերակա ճյուղ համարվել: Ըստ նրա՝ ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը հաջորդ տարի կկազմի շուրջ 104.685, և համաձայն օրենսդրական փոփոխության՝ ընտանեկան նպաստները միայն երեխա ունեցող անապահով ընտանիքներին տրվող նպաստներն են։

Նախարարը խոսեց նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստների մասին՝ նշելով, որ 2015-ին նախատեսվում է այն տրամադրել շուրջ 43.000 ընտանիքի, որից երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան համար՝ 6415, իսկ հինգերորդ և հաջորդող երեխաների համար՝ 339 ընտանիքի, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Սոցիալական և ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստերում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկող տարի բյուջեից հատկացվելու է 385 մլրդ 580 մլն դրամ, դրանք ընթացիկ ծախսերն են, այլ ծախսեր նախատեսված չեն:

Ըստ նրա՝ 2014-ի համեմատ նախարարությանը հատկացվող գումարի չափը մոտ 23 միլիոնով ավելացել է, ինչը պայմանավորված է աշխատավարձերի ու էլեկտրաէներգիայի սակագնի ավելացմամբ:

Նա նաև հիշեցրել է, որ 2015-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55.000 դրամ՝ ընթացիկ տարվա 50.000 դրամի փոխարեն: «Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55.000 դրամից ցածր որևէ աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին: Քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի դիմաց կդառնա 300 հազար դրամ: Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կազմելու է 30.537 դրամ»,- ասել է նա։

3-րդ ու 4-րդ երեխաների համար տրվելու է 1 միլիոն, 5-րդ երեխայի համար՝ մեկուկես միլիոն դրամ:

Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությանը, ասել է, որ իրականացվում են աշխատանքներ՝ իսկապես աշխատող հղի կինը որևէ կերպ չունենա իրավունքի ոտնահարում:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Նախարարն ընդգծել է, որ այդ նախագիծն ընդամենն առաջարկություն էր, որը փոփոխության կենթարկվի՝ հասարակական նոր քննարկումներն ու առաջարկությունները հաշվի առնելով:

«Մենք որևէ հայտարարություն չենք արել, որ հրաժարվելու անհրաժեշտություն լինի, մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման: Այդ նախագիծն առաջարկություն էր մեր կողմից` արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք այս ընթացքում բավականին առարկայական քննարկում ունեցանք, որն իսկապես շատ լավ օրինակ էր: Քննարկումներին մասնակցում էին բոլոր շահագրգիռ շրջանակները, այդ թվում նաև շահառու անձիք, գործատուներ, ՏԻՄ-եր, ՀԿ-ներ։ Եվ վերջապես խորհրդարանական լսումների շրջանակներում այն բոլոր հարցադրումներն ու մոտեցումները, որոնք ներկայացվեցին, բնականաբար ներառվեցին մեր կողմից ներկայացված նախագծի ամփոփաթերթում»,- ասել է նախարարը::

«Մտահոգությունը, որ բոլորս ունենք, այն է, որ իսկապես աշխատող հղի կինը, որը համապատասխան եկամուտ է ստանում, չունենա որևէ կերպ այդ իրավունքի ոտնահարում»,- հավելել է նախարարը, գրում է «Այսօր» լրատվականը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---