3 նոյեմբերի 2014 - 14:05 AMT
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. Երկարաժամկետ առումով սահմանադրական բարեփոխումները դրական կլինեն

Շատ բնական է, որ ընդդիմությունը կասկածանքով է վերաբերում կառավարության գործունեությանը, սակայն Վենետիկի հանձնաժողովը` որպես դրսի դիտարկող, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն, ինչ թաքնված է տեքստերի հետևում: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիր որոշ ուժերի մոտեցումներին:

«Պետք է ասել, որ նախկինում ընդդիմության հիմնական ուժերը միշտ կողմնակից էին խորհրդարանական տիպի հանրապետությանը, հիմա երբ նման առաջարկություն կա, հանկարծակի ընդդիմադիր ուժերը դարձել են ընդդիմադիր այս գաղափարի նկատմամբ»,-ասել է նա:

Թոմաս Մարկերտը հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովը իր հավանությունն է տվել բարեփոխումների հայեցակարգին:

«Սակայն դեռ բարեփոխումները չկան, դեռ նոր պետք է լինեն, դեռ նոր պետք է գրվեն տեքստերը, հոդվածները, և միայն դրանից հետո կարելի կլինի ասել՝ դրանք հաջող բարեփոխումներ են, թե ոչ: Վենետիկի հանձնաժողովը իրերը դիտարկում էոչ թեայսօրվա Հայաստանի ընթացիկ իրավիճակից ելնելով, այլ ավելի շատ մեր հայացքները երկարաժամկետ գնահատականի բնույթ ունեն: Մեր կարծիքով` միջնաժամկետ և երկարաժամկետ առումով դա կունենա դրական հետևանքներ»,-նշել է բանախոսը:

Հոկտեմբերի 15-ին հրապարակվել են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը:

Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Թոմաս Մարկերտը որպես օրինակ նշել է Վրաստանի դեպքը, երբ նույնատիպ քննարկումների ժամանակ ևս մտահոգություն կար, որ բարեփոխումներն արվում են իշխանություններն իրենց ձեռքում պահելու համար, սակայն տեղի ունեցավ հակառակը:

«Հայաստանում էլ մենք ոչ թե ներկա քաղաքական իրավիճակին պետք է նայենք այլ ավելի ընդգրկուն հայացք նետենք իրերին: Ընդհանրապես ընդդիմությունը միշտ կասկածանքով է վերաբերում կառավարության բոլոր գործերին և հատկապես Հայաստանում ամենաշատն է ընդդիմությունը կասկածանքով վերաբերվում` երևի բավական հիմնավոր պատճառներով»,-նկատել է նա՝ հավելելով, որ կարևոր է ունենալ լայն քննարկումներ` ներգրավելով քաղաքացիական հասարակությունը, որպեսզի հաղթահարվի քաղաքական, կուսակցական թնջուկը:

Tert.am-ը գրում է, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի՝ Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն է, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը օրենքի գերակայության ուժեղացման միտումն է. փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:

«Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերը նույնպես կլինեն լավը, չնայած մենք շատ քննադատաբար ենք մոտենալու տեքստերին և շատ մանրամասն ուսումնասիրելու ենք»,-ասել է նա:

Հարցին, թե մինչև դրական եզրակացություն տալը` արդյոք եղել է որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն, Թոմաս Մարկերտը պատասխանել է.

«Պետք է ասել, որ Երևանում առաջին քննարկումների ժամանակ մեր հանձնաժողովի անդամների կողմից բավական շատ քննադատություն հնչեց: Տեքստը փոփոխվող, զարգացող տեքստ է և վերջին հանդիպումը, որ եղավ Փարիզում, շատ ավելի լավ գնահատականի արժանացավ, որովհետև մեր քննադատական նկատողությունների ճնշող մեծամասնությունը հաշվի էր առնված»:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

Photo: Venice Commission