Բյուջե 2015. Առողջապահության ոլորտի հատկացումներն ավելացել են, կրթությանը՝ մնացել նույնը

Բյուջե 2015. Առողջապահության ոլորտի հատկացումներն ավելացել են, կրթությանը՝ մնացել նույնը

PanARMENIAN.Net - Հայաստանի 2015-ի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին կհատկացվի 83,5 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմելու է 3,3% կամ 2,7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ հատկացումներն առողջապահական ծրագրերի մասով 8,3 մլրդ դրամով ավելի են, ԱԺ-ում քննարկումներին հայտարարել են ոլորտի պատասխանատուները:

2015-ին առողջապահության նախարարության պլանավորված հատկացումների 83,3%-ը կամ 67 մլրդ դրամն ուղղվելու է հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը:

Ավելացված գումարների հիմնական մասը կհատկացվի աշխատավարձերի բարձրացմանը: 15-ի հուլիսի 1-ին նախատեսվում է բարձրացանել առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը, որը կկազմի 79.400 դրամ՝ 2014-ի 76.100 դրամի փոխարեն:

Բժիշկների հաշվարկային միջին աշխատավարձը կմնա անփոփոխ՝ 178.600 դրամ:

Նախարարը տեղեկացրել է, որ բյուջեով նախատեսվում է փոխհատուցել 300.000 հիվանդանոցային սպասարկում՝ նախորդ տարվա 290.000-ի փոխարեն, ինչի համար նախորդ տարվա համեմատ 4,5 մլրդ-ով ավել հատկացում է նախատեսվել, գրում է Tert.am-ը:

Իսկ կրթության ոլորտին 2015-ի բյուջեով կհատկացվի 127 մլրդ 620 մլն ՀՀ դրամ, որը հավասար է 2014-ի հատկացված գումարին և կազմում է ՀՆԱ-ի 2,65%-ը. բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե 2014-ին ընթացիկ ծախսերի համար հատկացվել էր 109 մլրդ դրամ, ապա 15-ի համար՝ 120 մլրդ: Փոխնախարարը նկատել է, թե կապիտալ ծախսերի գծով ունեն նվազում. վարկային ծրագրերն ու դպրոցների հիմնանորոգման ծախսերը կրճատվել են:

«Եթե կրթության զուտ ծախսերին նայենք, աճը կազմել է 11,5 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի հատկացման նույնը մնալը պայմանավորված է շինարարական ծախսերի փոփոխությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ հանրակրթությունը մնալու է էական գերակայություն.

«Այս տարի վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ունենք հանրակրթության ծախսերի ծրագրում, որի հիմքում ընկած է աշակերտների թվի ավելացումը՝ մոտ 8000-ով»,-ասել է նա:

Բյուջեի նախագծի կրթության ոլորտի թվերի ներկայացման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ երաշխիքներ կան, որ պետությունը կարողանա վերադարձնել այն գումարները, որոնք ծախսվել են արտասահմանում սովորելու մեկնած ու չվերադարձված ուսանողների համար. հազարավոր ուսանողներ ունենք, որոնք մեկնուն են աշխարհի տարբեր բուհեր սովորելու և պետությունը տարբեր չափաբաժիններով, բայց զգալիորեն մասնակցում է նրանց ուսմանը, սակայն գնացածների մոտ 60-70 տոկոսը չի վերադառնում Հայաստան, հատկապես՝ ՌԴ-ից, գրում է Panorama.am-ը:

Փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ հարցին պետք է պատասխանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քանի որ այդ «տեխնիկական հարցերին ծանոթ չէ»: Նա հավելել է, թե այստեղ ավելի շատ ոչ թե ֆինանսական է խնդիրը, այլ այն հարթությունում, թե ինչպես անել, որ մեր երեխաները վերադառնան հայրենիք:

Նախորդ շաբաթ բյուջեի քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը, 2015-ի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկող տարի բյուջեից հատկացվելու է 385 մլրդ 580 մլն դրամ, դրանք ընթացիկ ծախսերն են, այլ ծախսեր նախատեսված չեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---