4 նոյեմբերի 2014 - 12:37 AMT
ԵՏՄ-ին անդամակցելու համար ՀՀ-ից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում. Պայմանագիրն արդեն ՍԴ-ում է

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար Հայաստանից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Այս մասին նոյեմբերի 4-ին ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ 2015-ի բյուջեի նախագծի քննարկմանը պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցի, թե կատարվել է հաշվարկ՝ որքան գումար է հարկավոր 2015-ին ԵՏՄ-ին անդամակցելու համար:

Փոխնախարարը նշել է, թե այդուհանդերձ ընդհանուր առմամբ բյուջեի եկամտային մասում փոփոխությունները հիմա գնահատում են.

«Գնահատում ենք դրամատնտեսական հետևանքները, բայց անհրաժեշտ է իրավական հիմք՝ այդ հաշվարկները հիմքում ունենալու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ առանց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի վավերացման հնարավոր չէ բյուջեում հաստատել ծախսերը, հաղորդում է Tert.am-ը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միաության անդամակցության պայմանագիրն արդեն Սահմանադրական դատարանում է և շուտով սկսվելու են քննարկումները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ինչպես այլ միջազգային պայմանագրերը, պետք է նախ հավանության արժանանա ՀՀ Սահմանադրական դատարանում և հետո միայն Ազգային ժողովում:

«Հոկտեմբերի 25-ին նախագահի աշխատակազմից պայմանագիրն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը շուտով կսկսի դրա քննարկումները: Համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերը, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: