19 հունիսի 2006 - 14:25 AMT
Հոլանդիան կարեւորում է Հայաստանի բարձր տնտեսական աճը
2006 թվականին Նիդերլանդների կառավարությունը Հայաստանին կտրամադրի 5 մլն եվրո գումարով դրամաշնորհ: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների համագործակցության զարգացման նախարար Ագնես վան Արդենը Երեւանում Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների միջեւ հանդիպման ավարտին: Նրա խոսքերով, օգնությունը կտրամադրվի այն դեպքում, եթե Հայաստանը չշեղվի ընտրած տնտեսական ուղուց: Նա նշել է, որ Նիդերլանդները համագործակցում են Հայաստանի հետ անկախության օրվանից ի վեր: «Մենք բյուջետային օգնություն ենք ցուցաբերում, իրագործում ենք մի շարք ծրագրեր, ուղղված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում»,-ընդգծել է Ագնես վան Արդենը, ավելացնելով, որ Հայաստանի հետ համագործակցության հարցում մեծապես կարեւորվում է երկրի բարձր տնտեսական աճը: Հոլանդիայի իշխանությունները գերադասում են, որ համագործակցությունը երկրների միջեւ իրագործվի ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաեւ գործարարների մակարդակով: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինեն այնպիսի գործարարներ, որոնք կցանկանան հոլանդացի գործընկերների հետ համատեղ ձեռնարկություններ բացել, զարգացնել միջին եւ փոքր գործարարությունը, ստեղծելով աշխատատեղեր»-նշել է Ագնես վան Արդենը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: