ԵԽ գլխավոր քարտուղար. Ադրբեջանում մարդու իրավունքներն ասես «դանակի սայրին» են

ԵԽ գլխավոր քարտուղար. Ադրբեջանում մարդու իրավունքներն ասես «դանակի սայրին» են

PanARMENIAN.Net - Գնահատականը հնչել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վեցամսյա նախագահության ավարտին մոտենալու առթիվ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անդրադարձել է այդ երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակին՝ նշելով, որ դրանք ասես «դանակի սայրին» են: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Ադրբեջանը խոսքի ազատության հարցում օգնության կարիք ունի:

Նկատվում է, որ ինչպես 2012-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթը Բաքվում, այնպես էլ նախագահությունը Եվրոպայի խորհրդում ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների և ակտիվիստների համար լավ հնարավորություն էին բարձրաձայնելու այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, The Guardian-իանդրադարձը ներկայացնում է Tert.am-ը:

Թորբյորն Յագլանդը նշել է նաև, որ ԵՄ-ում հակաօրինական են համարում տարբեր լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալությունը, բանտարկությունը, հետապնդումը, որոնցով վերջին շրջանում առանձնապես աչքի է ընկել Ադրբեջանը:

Ադրբեջանի դատական համակարգում, ըստ պաշտոնյայի, «խոր արմատներ ձգած համակարգային խնդիրներ» կան: Յագլանդը կապվել է Բաքվում մեծ դեսպանություններ ունեցող եվրոպական երկրների հետ, խնդրել, որ Ադրբեջանում նրանց ներկայացուցիչներն ավելի ուշադիր հետևեն ակտիվիստների դատավարություններին:

Նշվում է նաև, որ Եվրոպայի խորհուրդը բազմիցս Ադրբեջանին նախազգուշացում է արել մարդու իրավունքների վատ վիճակի մասին, կոչ արել դադարեցնել հալածանքները:

Յագլանդը նշում է, որ եթե Եվրոպայում դադարեցնեն իրենց ջանքերը, ապա այդ կերպ կդադարեցվի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության պայքարը: Այս համատեքստում եվրոպացի առաջնորդներին կոչ է արվում հանուն խաղաղության և կայունության եվրոպական մակարդակի օրենքի գերակայություն տարածել:

Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Հալիլ Գարաևը: Նա նաև «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի առցանց աշխատակիցն է:

Մոտ 20:00-ին Գարաևը գրել է Facebook-յան էջում, որ ձերբակալվել է և որ նրան տանում են ոստիկանական բաժանմունք: Սակայն, ինչպես «Թուրան» գործակալությանն է հայտնել «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Ռահիմ Հաջիևը, 4-րդ բաժանմունքում խմբագրության ներկայացուցիչներին ասացին, որ Գարաևն այնտեղ չէ: Գարաևի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Գարաևի ձերբակալությունը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից անմիջապես հետո: Հայտնի է, որ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Օլանդը մտահոգություն է հայտնել երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի ճակատագրի վերաբերյալ: Ալիևն իբր խոստացել էր ուշադրություն դարձնել իրավիճակին, սակայն իրականում դրան հաջորդեց ընդդիմադիրի հերթական ձերբակալությունը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---