Վիճահարույց օրինագծի նոր տարբերակը. Մինչև 1 մլն դրամ աշխատավարձի դեպքում հղիության արձակուրդը կփոխհատուցվի 100%-ով

Վիճահարույց օրինագծի նոր տարբերակը. Մինչև 1 մլն դրամ աշխատավարձի դեպքում հղիության արձակուրդը կփոխհատուցվի 100%-ով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ին փակ նիստ է անցկացրել, որտեղ ներկայացվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի նոր տարբերակը: Դրան մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով:

«Համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարությունը ներկայացրել է օրինագծի նոր տարբերակ, որը տալիս է հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Աշխատող հղի կանանց խնդիրը կարգավորվել է. վճարումները կլինեն 100%-ով: Նաև կարողացանք պահպանել չաշխատող հղի կանանց վարձատրության հարցը»,- հայտարարել է նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ աշխատավարձի շեմ են սահմանել՝ 1 մլն դրամ:

Մինչև այդ շեմն աշխատավարձ ստացողները 100%-ով կստանան իրենց նպաստը:

«Սա կազմում է մոտավորապես 4,6 միլիոն: Նման աշխատողները Հայաստանում 110.000 են: Մնում է 400 հոգու խնդիրը, որոնք 1 միլիոնից բարձր են ստանում: Այս խմբի համար կլինի այլ մոտեցում, փոխհատուցումը կանի գործատուն: Սա ընդունելի տարբերակ է, գործատուն կարող է մտածել, որ իր բեռը ծանրանում է, բայց գործատուն պիտի շահագրգռված լինի նպաստել ծննդաբերության ավելացմանը: Իսկ չաշխատող մայրերի համար աշխատավարձի 50%-ը կփոխհատուցվի, թիվը քննարկելի է, բայց նախնական այդպես որոշեցինք»,- ասել է նա:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Իսկ թե ինչու իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը, արդյոք բողոքի ակցիաների ճնշման արդյունքում էր, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է.

«Ի՞նչ հանրահավաքների մասին է խոսքը, ի՞նչ բողոքի ակցիաների: Դեռ օրենքը նախագծի տեսք չէր ստացել, երբ մենք կուսակցությունում քննարկում էինք: Այս հարցը մեզ համար եղել է վիճահարույց, մենք ասել ենք, որ մեզ համար մեծ դժվարություն է նման տարբերակին համաձայնելը: Կառավարությունն ինչ քայլ անում է, ասում եք, թե այնտեղ միտինգավորներն են, իրենց ճնշման տակ է, եսիմ ինչի տակ է... Արեցին հղի կանայք միտինգ, այո, բայց ֆրակցիայում ներկայացված տարբերակի հետ կապված կար անհամաձայնություն, ու Կառավարությունը չէր ասել՝ սա է և վերջ, քննարկում էինք: Մեր կին պատգամավորներն էին հարցը բարձրացրել, մենք էլ կատակով ասել էինք, թե ճիշտ է՝ տղամարդիկ չեն հղիանում, բայց նպաստում են հղիացմանը, ուրեմն մենք էլ ենք խնդրով անհանգիստ: Բանավեճի արդյունքում որոշեցինք այդ կերպ փոխել»,- պատգամավորի խոսքերը մեջբերում է Tert.am-ը:

Panorama.am-ն էլ գրում է, թե Կառավարությունը զիջել է` մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի, ինչպես այդ մասին ամրագրվել էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով և որն այդքան մեծ աղմուկ էր բարձրացրել:

«1974-ից հետո ծնված աշխատող շուրջ 110.000 կանանց համար, որոնք աշխատավարձ են ստանում մինչև մեկ միլիոն դրամ, մայրության նպաստի չափը, ըստ էության կազմում է 100%: Մենք առաջարկում ենք, որ այդ վերին շեմից ցածր մայրության նպաստի վճարման գործընթացը պահպանվի»,- ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով` հանրության ու մասնագետների հետաքրքրությունը օգնեց իրենց լրամշակել նախագիծը` փորձելով գտնել լավագույն տարբերակը այն ԱԺ քննարկման ներկայացնելու համար:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:

Ավելի վաղ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` մատնանշելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---