ԼՂՀ ԱԳՆ. Առանց Ստեփանակերտի մասնակցության առաջընթացը բանակցություններում անհնար է

ԼՂՀ ԱԳՆ. Առանց Ստեփանակերտի մասնակցության առաջընթացը բանակցություններում անհնար է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն պարագայում, երբ բանկացություններում վերականգնվի ԼՂՀ-ի լիարժեք մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Նա դրական գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև դրան նախորդած Նյուպորտի և Սոչիի հանդիպումներին, նշելով, սակայն, որ այդ ամենը բավարար չէ բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:

Ըստ Կարեն Միրզոյանի, այդ հանդիպումները կարևոր են, որովհետև դրանք գոնե այն եզակի ձևաչափերն են, որոնք նպաստում են տարածաշրջանում թեկուզ և փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերևս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով այլ տարբերակ: «Սա շատ հստակ եզրահանգում է, և դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլև ԼՂՀ-ի և ՀՀ-ի դիրքորոշումը»,-ասել է Կարեն Միրզոյանը, հայտնում է Արցախպրեսը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008-ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է ԱԳ նախարարը:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---