Դոնեցկում դպրոց է հրետակոծվել. Զոհերի ու վիրավորների թվում երեխաներ են

Դոնեցկում դպրոց է հրետակոծվել. Զոհերի ու վիրավորների թվում երեխաներ են

PanARMENIAN.Net - Դոնեցկում թիվ 63 դպրոցի հրտեակոծության հետևանքով երեխաներ են զոհվել: Ինչպես հայտնում է «Սեգոդնյա.ռու»-ն Ռինատ Ահմեդովի հումանիտար կենտրոնակայանի վրա հղումով, հրետանային արկը պայթել է դպրոցին հարակից տարածքում, երբ դեռահասներն այնտեղ ֆուտբոլ էին խաղում:

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, տեղում զոհվել է երկու դեռահաս՝ 8-րդ դասարանցի աշակերտը և 18-ամյա շրջանավարտը, ևս չորսը վիրավորվել է: «Երբ «Շտապ օգնությունը» փորձում էր նրանց դաշտից դուրս բերել, զանգվածային հրետակոծություն էր ընթանում: Բժիշկները դժվարությամբ են տեղ հասել»,-պատմել են շտաբում: Վիրավորներին տեղափոխել են շրջակա հիվանդանոցներ: Մեկի վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկը՝ վերակենդանացման բաժնում է: Վերջին տվյալներով վիրավորների թվում են երեք 17-ամյա դեռահաս ու 21-ի ամյա պատանի:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել երեխաների մահվան հանգամանքները: «Մենք վկան ենք այն բանի, որ երկու կողմերը խախտում են քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված իրենց իրավական պարտավորությունները: Այս ողբերգական պատահարը վերջին օրինակն է, թե ինչի է հանգեցնում այդ պարտավորությունների անտեսումը»,-ասել է նա: Կազմակերպությունում նշել են, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե միջադեպն ունենա «ռազմական հանցագործության» կարգավիճակ, գրում է polit.ru-ն:

Մինչդեռ ԴԺՀ ներկայացուցիչները հայտնել են, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ շփման խմբի հերթական հանդիպումը Դոնբասի վերաբերյալ: Ըստ ԴԺՀ ներկայացուցիչ Ռավիլ Հալիկովի, քննարկվելու է Դոնեցկի օդանավակայանի ճակատագիրը՝ դա քաղաքի այն բացառիկ շրջաններից է, որը վերահսկում են ուկրաինացի զինվորականները, և որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Ըստ նրա, մինչ օրս համաձայնեցված չէ նաև բաժանարար գիծը ուժայինների ու աշխարհազորայինների միջև, գրում է «Կորեսպոնդենտը»:

Ըստ Մինսկի պայմանավորվածությունների կենտրոնական կիևյան իշխանությունների և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջև, երկու կողմերը պետք է 30 կմ հեռացնեին հրետանին, որպեսզի հրետակոծությունները չվնասեին խաղաղ բնակչությանը: Փաստացի, պայմանավորվածությունը չի պահպանվում: Հրադադարը բազմիցս ձախողվել է, երկու կողմից այդ ընթացքում մոտ հարյուր մարդ է զոհվել: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---