ԱԻ ու տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն. Եվս մեկը կբացվի

ԱԻ ու տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն. Եվս մեկը կբացվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստին առաջարկել է փոփոխություններ իրականացնել գործադիրի կառուցվածքում և միավորել արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները: Ինչպես ավելի ուշ նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախագիծը պետք է ճանաչել անհետձգելի և ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը:

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հոկտեմբերի 16-ին ներկայացրած հրաժարականից հետո ՏԿ նախարարության նոր ղեկավար դեռ չէր նշանակվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարում է Արմեն Երիցյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ եթե իրենց հանձնարարեն, ապա կղեկավարեն.

«Եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասել է Երիցյանը:

Պատասխանելով հարցին, թե եթե իրեն առաջարկեն ղեկավարել միավորված նախարարությունը, կհամաձայնի՞, պատասխանել է, որ կմտածի:

Ի պատասխան հարցի, թե որքանով են համատեղելի այս երկու նախարարությունները, նախարարն ասել է. «Կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև ԱԻՆ-ն իր գործառույթները կատարում էր և միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարները աշխատում են մարզերում՝ հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես գործակցում են»,- նշել է նա:

Կառավարության ղեկավարը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ լրատվականն իր աղբյուրներին հղումով գրել էր, թե նորաստեղծ նախարարությունը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար, վարչապետի ներկայիս խորհրդական Վաչե Գաբրիելյանը։

Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---