19 հունիսի 2006 - 19:51 AMT
Անհայտ կորածների որոնման Միջազգային աշխատանքային խմբի պատվիրակությունը գտնվում է ԼՂՀ-ում
Ղարաբաղյան հակամարտության գոտում Անհայտ կորածների որոնման, պատանդների եւ գերիների ազատման միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) պատվիրակությունը, որ գլխավորում է ՄԱԽ-ի համանախագահ Բերնհարդ Կլազենը (Գերմանիա) եւ Պաատա Զաքարեիշվիլին (Վրաստան) գտնվում է Ստեփանակերտում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության անդամների հանդիպումները ԼՂՀ արտգործնախարար Գերոգի Պետրոսյանի, ԼՂՀ անհայտ կործաների եւ գերիների հարցերով պետական հանձնաժողովի անդամների, Ստեփանակերտում Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի առաքելության անդամների հետ: Այդ մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԽ համակարգող Ալբերտ Ոսկանյանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել է ղարաբաղյան գոտում անհայտ կորած անձնաց որոնումը ակտիվացնելու հնարավորությունը: ԼՂՀ այցի ընթացքում աշխատանք է տարվել նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի Անհայտ կորածների եւ գերիների պետական հանձնաժողովների հարցապնդումների գծով: Հունիսի 20-ին ՄԱԽ-ի պատվիրակությունը կմեկնի Երեւան աշխատանքները շարունակելու նպատակով, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը: