19 հունիսի 2006 - 20:02 AMT
Կանադայում ձեւավորվել է հայ-կանադական բարեկամության խորհրդարանական կոմիտե
Հունիսի 14-ին Կանադայի խորհրդարանում կայացավ հայ-կանադական բարեկամության
խորհրդարանական նոր խմբակցության անդրանիկ հանդիպումը: Նիստին ներկա էին` Կանադայի խորհրդարանի եւ սենատի անդամներ, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Տեր-Ղազարյանը, Կանադայի Հայ Դատի հանձնախմբի համանախագահ Ժան Մկրտչյանը, հանձնախմբի անդամ Պոլ Տուզճյանը, Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործավար Արիս Պապիկյանը:

Խորհրդակցություններից հետո խմբակցության նախագահ ընտրվեց պահպանողական պատգամավոր Քերի Գուդյիրը, իսկ փոխնախագահներ ընտրվեցին Ալեքսա Մաքդանան (Նոր ժողովրդավար), Նիկոլ Դեմերսը (Քեբեկուա դաշինք) եւ Ջիմ Կարիջիանիսը (ազատական): Առայժմ 28 պատգամավորներ ու սենատորներ են համաձայնել անդամակցել խմբին: Ժողովի ավարտին նորընտիր նախագահ Քերի Գուդյիրը հայտնեց, որ անհրաժեշտ է ավելի զարգացնել Կանադա-Հայաստան համագործակցությունը բոլոր բնագավառներում: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ դեսպանատան հավատարմատար Արման Հակոբյանը, որը հայտնեց, թե նորընտիր ընկերակցության առաջին առաքելությունը դեպի Հայաստան պետք է լինի կանադացի պատգամավորների խմբի այցելությունը, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան երկրին, հաղորդում է «Երկիր» թերթը: