Արարատի մարզի որոշ համայնքներում տեղադրվել են արևային «էլեկտրական հովիվներ»

Արարատի մարզի որոշ համայնքներում տեղադրվել են արևային «էլեկտրական հովիվներ»

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ, որն իրականացվում է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում: Համագործակցող կողմերը Արարատ մարզի Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվ», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Արևային էներգիայով աշխատող էլեկտրական ցանկապատի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավարներ Կարապետ Կարապետյանը (Շաղափ), Հովհաննես Դավթյանը (Լանջանիստ), Ռաֆիկ Անդրեասյանը (Ուրցաձոր) և հիշատակված գյուղերի բնակիչները: Միջոցառման ընթացքում, «Էլեկտրական հովիվ» արտադրող առաջին (1938թ.) և առավել հաջողակ Գալլագեր կազմակերպության ներկայացուցիչը` Հենկ Բլակը, ներկայացրել է նորարարական համակարգի աշխատանքը: Նա Հայաստան է հրավիրվել FPWC-ի աշխատակազմի և շահառուների վերապատրաստման նպատակով:

Արևային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների և անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաև նորատունկ այգիներ և դաշտեր պաշտպանելու տեսանկյունից: Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու և ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից, արդյունավետ լուծում է: Արդեն մի քանի տասնամյակ, նորարարական այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:

Այսօրինակ միջոցառումները կարևոր են առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և շահառու համայնքներին նորարարական լուծում առաջարկելու տեսանկյունից: Ծրագրի շրջանակներում թիրախային համայնքներում նախատեսվում է տեղադրել արևային ութ «էլեկտրական հովիվ»:

«Անասնագոմերն ու ընտանի կենդանիներին գիշատիչներից պաշտպանող էլեկտրական ցանկապատի կառուցումը հերթական նորարարական ծրագրերից է, որոնք իրագործում ենք մեր հիմնական գործընկերներից մեկի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ: Առաջին անգամ Հայաստանում անասնապահները պայքարում են գիշատիչների դեմ նման միջոցներով: Լանջանիստ, Ուրցաձոր և Շաղափ գյուղերի անասնապահները այժմ կարող են ապրել առանց վախի՝ իրենց ունեցվածքի կամ կյանքի համար: Ամենակարևորն այն է, որ ցանկապատի վրա ծախսվող էլեկտրականությունը ստացվում է արևային էներգիայից՝ առանց ավելորդ բեռ դառնալու գյուղական համայնքների սուղ բյուջեի համար: Այս ծրագիրը, ինչպես հիմնադրամի հետ համատեղ իրականացվող շատ այլ նախագծեր, կյանքի է կոչվում համայնքի աջակցությամբ, մարդկանց հետ ձեռք ձեռքի, քանի որ սա միակ ճանապարհն է դեպի կայուն զարգացում: Այս ծրագրերը ուսուցանում և նախապատրաստում են մարդկանց», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այլընրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի հինգ համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի