14 մլրդ դրամ գիտությանը. Բազային ֆինանսավորմամբ կիրականացվի 10 նոր ծրագիր

14 մլրդ դրամ գիտությանը. Բազային ֆինանսավորմամբ կիրականացվի 10 նոր ծրագիր

PanARMENIAN.Net - 2015 թվականին գիտության ֆինանսավորումն ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակում կֆինանսավորվի 10 նոր ծրագիր:

«Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50.000 դրամ, գիտության թեկնածուներին` 25.000 դրամ»,- գրել է նա:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նոյեմբերի 6-ին պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Բացի այդ նախօրեին՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան պետական նմուշի դիպլոմներ ստանալ։

Կառավարությունն արդեն հաստատել է նախորդ տարիների ոչ պետական չարտոնագրված բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմի տրամադրման կարգը, հաղորդում է ARKA գործակալությունը։

«Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 90–ականներից մինչև օրս սովորում են և ավարտում չարտոնագրված ոչ պետական հաստատություններ և ստանում Հայաստանի տարածքում և արտերկրում իրավական որևէ ուժ չունեցող դիպլոմներ, կարողանան ստանալ պետական դիպլոմներ»,- ասել է նախարարը։

Ըստ նրա, այդ կապակցությամբ կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը թույլ է տալիս չարտոնագրված բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն ոչ պետական նմուշի դիպլոմ, կրկին պետական քննություն հանձնել համապատասխան բուհերում, որոնք կսահմանի նախարարությունը։

Ինչպես նշել է նախարարը, քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները կկարողանան ստանալ նույն մասնագիտության պետական դիպլոմ։

«Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ բուհերի շրջանավարտների միայն 30 տոկոսն է կարողացել կրկնակի պետական քննություններ հանձնել և փոխել դիպլոմները։ Նոր օրենքով կառավարությունը երկարացնում է նմանատիպ մեխանիզմի գործողության ժամկետը մինչև 2016-2017 թվականները, քանի որ կան դեռ հարյուրավոր մարդիկ, ովքեր չեն հասցրել օգտվել այդ հնարավորությունից»,– ասել է նա։

Կրթության և գիտության նախարարության տվյալով` նախորդ տարիներին պետական նմուշի դիպլոմ ստանալու համար դիմել են չարտոնագրված բուհերի 2650 շրջանավարտներ, որոնցից պետական քննություն հանձնելուց հետո դիպլոմ է ստացել 1900 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---