Freedom House. Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում օրենքն ու վախենում են սեփական քաղաքացիներից

Freedom House. Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում օրենքն ու վախենում են սեփական քաղաքացիներից

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանին դատապաշտպանությունից հեռացնելու փաստի առնչությամբ: «Մեղադրելով իրավապաշտպաններին լուրջ պետական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ադրբեջանի իշխանությունները բացարձակապես չեն հարգում օրենքի գերակայության սկզբունքը ու ձգտում են ահաբեկել անկախ քաղաքացիական հասարակությանը»,-հայտարարել է Freedom House-ի ղեկավար Դևիդ Կրամերը:

«Ծանր ու անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Լեյլա Յունուսի և մյուս իրավապաշտպանների դեմ, դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման, Ադրբեջանն ոչ միայն անտեսում է իր իրավական համակարգը: Զրկելով Յունուսին փաստաբանի օգնությամբ պաշտպանվելու հնարավորությունից՝ իշխանությունները նաև ցույց են տալիս, որ վախենում են սեփական քաղաքացիներից»,-ասել է նա:

Freedom House-ը կոչ է անում իշխանություններին բոլոր մեղադրանքները հանել Յունուսից և մյուս իրավապաշտպաններից և վերականգնել նրանց իրավունքները, հայտնում է Contact.az-ը:

Վերջին օրերին դատախազությունը Յունուսի պաշտպանությունից հեռացրեց փաստաբաններ Ջավադ Ջավադովին և Հալիդ Բագիրովին, նույն ճակատագրին կարող է արժանանալ Ալաիֆ Հասանովը:

Մինչդեռ Յասամալի շրջանային դատարանում Ազեր Թաղիևի նախագահությամբ ավարտվել է Նուրիա Հուսեյնովի ընդդեմ Ալաիֆ Հասանովի հայցով դատավարությունը: Հուսեյնովան Յունուսի հետ նույն բանտախցում է նստել: Փաստաբանը մամուլին է հայտնել մեկուսարանում Հուսեյնովայի և Յունուսի դեմ գործադրվող ճնշման մասին: Նրա հաղորդագրությունը հրապարակվեց «Ազադլիգ» թերթում 2014թ. սեպտեմբերի 17-ին: Հուսեյնովան վրդովվեց, որ փաստաբանն իրեն «քրեական տարր» և «կրկնահանցագործ է» անվանել:

Նոյեմբերի 6-ին դատարանը Հասանովին դատապարտեց 240 ժամ հանրային աշխատանքների այդ արտահայտությունների համար:

Հասանովն ինքը դատավճիռը համարեց անարդար ու ապօրինի: Ըստ նրա, Յասամալի շրջանային դատարանն ընդհանրապես իրավունք չուներ քննելու այդ գործը: Հասանովը հայտարարեց, որ մտադիր է բողոքարկել որոշումն ու գործը հասցնել մինչև Եվրադատարան: Նա հավելել է, որ դատարանի այդ որոշումը չպետք է խանգարի նրա փաստաբանական գործունեությանը և Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանությանը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Նոյեմբերի 3-ին Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Բանանյար գյուղում ձերբակալվեց ընդդիմադիր, Ժողովրդական ճակատի շրջանային բաժանմունքի ղեկավար Հիջրան Գասիմովը: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ժողովրդական ճակատի Նախիջևանի կազմակերպության ղեկավար Յաշար Բագիրսոյը հայտարարել է, որ Գասիմովին նետել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրում նրա ձերբակալման պատճառների և գտնվելու վայրի վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---