ԱԺ-ում կստեղծվի «Նաիրիտ»-ի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողով

ԱԺ-ում կստեղծվի «Նաիրիտ»-ի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողով

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ-ում կստեղծվի «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողով:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում, արդյուքնում դրական եզրակացություն ստացել: Նախագծի համահեղինակներ են ՀԴՅ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը: Նախագիծը ներկայացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հետաքրքրվել է, թե ինչպես կարող են ստեղծել հանձնաժողով և քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, եթե անգամ հայտնի չէ՝ ով է սեփականատերը: Ի պատասխան Մինասյանն ասել է, թե դրա նպատակներից մեկը նաև դա է: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշել է, թե այն, ինչ գտնվում է Հայաստանում, սեփականատերը ՀՀ-ն է:

Հանձնաժողովի անդամների մեծ մասը քվեարկել է ենթահանձնաժողովի ստեղծման օգտին, հաղորդում է Armenia Today-ը:

Ավելի վաղ գործարանի մամուլի ծառայության պետը հայտարարել էր, թե մինչև տարեվերջ գործարանը մարելու է իր աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը՝ նշելով, որ այն կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Նա նաև նշել էր, թե գործարանում կրճատումներ են սպասվում՝ մինչև 400 թոշակառու կկրճատվի: Բայց նրանք, ովքեր այնպիսի մասնագետներ են, առանց ում գործարանը չի կարող շահագործվել, նորից կընդունվեն աշխատանքի՝ պայմանագրերով:

Դեռ 2014-ի փետրվարին ձայների մեծամասնությամբ խորհրդարանը մերժել էր քիմգործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին ՀՅԴ խմբակցության նախագիծը: Ըստ դրա, հանձնաժողովը պիտի ուսումնասիրեր «Նաիրիտի» մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների ու անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները:

Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Գալուստ Սահակյանը, հանձնաժողովի ստեղծմանը դեմ չեն, բայց «նպատակահարմար չեն գտնում»` հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները: Այնուամենայնիվ, խոստացել էին ավելի ուշ անդրադառնալ խնդրին:

Նախագծով հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր «Նաիրիտ»-ի մասնավորեցման, մասնավորեցումից մինչև հիմա ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձևավորման գործընթացն ու նպատակները, գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորություններն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումներն ու զարգացման ծրագրերը:

Հանձնաժողովը պետք է քննարկեր նաև, թե ինչ առնչություն ունի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը «Նաիրիտ»-ում ստեղծված իրավիճակին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր:

2013-ի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Թահր Ռուսիա» և «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---