Պտուղբանջարեղենի արտահանումը նվազել է. Պատճառը ծիրանի բերքի բացակայությունն է

Պտուղբանջարեղենի արտահանումը նվազել է. Պատճառը ծիրանի բերքի բացակայությունն է

PanARMENIAN.Net - Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերման արդյունքներն ու արտահանման ցուցանիշները: Համաձայն ներկայացված ցուցանիշների` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղեն վերամշակող 40 և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերության կողմից մթերվել է շուրջ 230,6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5,9 մլրդ, դրամի) և խաղող (28,0 մլրդ, դրամի), այդ թվում` 33,5 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 23,1 հազար տոննա լոլիկ, 13,1 հազար տոննա պտուղ և 184,0 հազար տոննա խաղող:

«Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ընդհանուր ծավալը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 6,7 հազար տոննայով, կամ 3 տոկոսով: Խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը կազմել է 152,1 դրամ, նախորդ տարվա 146,2 դրամի համեմատությամբ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են նաև պտուղ-բանջարեղենի մթերման գները, մասնավորապես՝ լոլիկի մթերման միջին գինը գերազանցել է 40 դրամը՝ նախորդ տարվա 36,9 դրամի դիմաց»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա նաև հայտնել է, որ մինչև մթերումների սկսվելը պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել էին 11.965 պայմանագիր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 20 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 112,5 մլն դրամ կանխավճար և 675,1 մլն դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն, գրում է Panorama.am-ը:

«Այս տարի արձանագրվել է նաև մթերվող պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում: Վճարումների մեծ մասը կատարվել է անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրվա ընթացքում: Նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղենի մթերումների դիմաց կատարված վճարումները կազմում են 95,9 տոկոս կամ 5946,7 մլն դրամից վճարվել է 5702,1 մլն դրամը, իսկ խաղողի մթերումների դիմաց՝ 91,6 տոկոս կամ 27993,0 մլն դրամից վճարվել է 25638,0 մլն դրամը: Վճարման ենթակա մնացած 2599,6 մլն դրամը, ըստ ընկերությունների հավաստիացման ամբողջությամբ կվճարվեն մինչև տարեվերջ»,-հավելել է Մակարյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ամփոփել է նաև տարվա ընթացքում պտուղբանջարեղենի արտահանման տվյալները: Ըստ այդմ` նոյեմբերի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 40244,9 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 12716,9 տոննա պտուղ, որից՝ 5605,1 տոննա խաղող, 2963,8 տոննա դեղձ, 6945,6 տոննա բանջարեղեն և 20582,3 տոննա կարտոֆիլ:

2013 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 47327,4 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 31067,5 տոննա պտուղ, որից 4500,5 տոննա խաղող, 974,1 տոննա դեղձ, 16259,9 տոննա բանջարեղեն և 10369,5 տոննա կարտոֆիլ, իսկ 2013 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 64505,1 տոննա պտուղբանջարեղեն և կարտոֆիլ, որից` 23258,9 տոննա ծիրան, 7562,8 տոննա խաղող, 6379,6 տոննա բանջարեղեն և 23978,2 տոննա կարտոֆիլ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի հավաստմամբ՝ 2014 թվականի արտահանման ծավալների նվազումը 2013 թվականի համեմատությամբ պայմանավորված է ծիրանի բերքի սակավությամբ, քանի որ նախորդ տարի արտահանված թարմ պտուղբանջարեղենի ընդհանուր ծավալի ավելի քան 36 տոկոսը կազմել է ծիրանը:

Ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ արտահանումը Հայաստանից 2014-ի սեպտեմբերին կազմել է 142.5 մլն դոլար՝ աճելով 2013-ի սեպտեմբերի համեմատ 4,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2014-ի առաջին 9 ամսում Հայաստանից արտահանվել է 1.109 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,9 տոկոս:

Ընդ որում, ընթացիկ տարվա 9 ամսում արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվել է 6,2 տոկոսով՝ մինչև մոտ 220 մլն դոլար: Այսպիսով դեպի ՌԴ արտահանման նվազման միտումը պահպանվում է, թեև մի փոքր դանդաղել է: 2014-ի առաջին 8 ամիսների արտահանումը ՌԴ նվազել էր 8,2 տոկոսով՝ կազմելով մոտ 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Ռուսաստանի ընդհանուր բաժինը Հայաստանի արտահանման մեջ 21,5 տոկոսից նվազել է մինչև 19 տոկոս:

Ընդ որում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 8 տոկոսվ ռուսական ապրանքների ներկրման 12,9 տոկոս աճի հաշվին՝ կազմելով 985,5 մլն դոլար: Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում ընդհանուր առևտրաշրջանառության մեջ 22,9 տոկոս ցուցանիշով: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության 27,7 տոկոսը, ԵՄ երկրներին՝ 27,6 տոկոսը, այդ թվում Գերմանիային՝ 7,6 տոկոսը:շ

Առևտուրը Չինաստանի հետ կազմում է ՀՀ ապրանքաշրջանառության 9,7 տոկոսը, Իրանի հետ՝ 4,8 տոկոսը, Վրաստանի հետ՝ 2,7 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, 2014-ի հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը 2013-ի համեմատ աճել է 3,9 տոկոսով և կազմել է մոտ 4,3 մլրդ դոլար: Բացասական սալդոն կազմել է 1,810 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---