ANCA-ն Սպիտակ տնից պահանջում է դատապարտել Ադրբեջանին, Շիֆը Բաքվի վարքագիծը ապակայունացնող է համարում

ANCA-ն Սպիտակ տնից պահանջում է դատապարտել Ադրբեջանին, Շիֆը Բաքվի վարքագիծը ապակայունացնող է համարում

PanARMENIAN.Net - Ամերկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչք կատարող ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցման փաստը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի վարքագիծը սպառնում է իրավիճակի ապակայունացմամբ տարածաշրջանում: Ադամ Շիֆը նշել է, որ անզեն ուղղաթիռի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում վկայում է, որ Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում մարդկային կյանքին և բռնության ու սադրանքների միջոցով ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու միտում ունի, հայտնում է Armenian weekly-ն:

Ուղղաթիռի խոցման միջադեպի կապակցությամբ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ևս հայտարարություն է տարածել` Սպիտակ տնից պահանջելով խստագույնս դատապարտել Ադրբեջանին` անզեն ուղղաթիռը կործանելու համար:

«Օբամայի վարչակազմը պետք է խստագույնս դատապարտի Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռիչքներ իրականացնող ուղղաթիռի կործանումը, դադարեցնի Բաքվին տրվող ռազմական օգնությունը և վերանայի Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունների բնույթը, քանի դեռ Իլհամ Ալիևը չի դադարեցրել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան: Սպիտակ տունը պետք է հրաժարվի արդեն իսկ վարկաբեկված այն մոտեցումից, որ հակամարտության կողմերի միջև նման դեպքերում կա մի տեսակ հավասարություն: Փաստերն անկհայտ են և պետք է ամերիկյան քաղաքականությունը առաջնորդվի այդ փաստերով. Արցախը խաղաղությանն իր ձեռքը մեկնած ժողովրդավարական երկիր է, իսկ Ադրբեջանը` բռնատիրություն, որն օրեցօր սաստկացնում է իր հակահայկական ագրեսիան: Միացյալ Նահանգները պետք է խաղաղության և ժողովրդավարության կողքին կանգնի»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ն «Ասբարեզ»-ին հղումով:

Հայ դատի հանձնախումբը նաև վիդեոուղերձ է տարածել` ակնկալելով ստանալ կոնգրեսականների արձագանքը Ադրբեջանի քայլերի հետ կապված:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա, մինչդեռ ողջ աշխարհը գիտի, որ այդ թշնամությունը ուղղորդվում է մեկ մարդու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից»,- ասել է Համբարյանը:

Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ և Պիեր Անդրիոն` Ֆրանսիան) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի և բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ և հայտնում մեր ցավակցությունը»:

Համանախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, և անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձևով աջակցելու կողմերին: Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին և կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այս միջադեպն էր:

Ընթերցեք նաև. ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---