ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ուղղաթիռի խոցումը բանակցային գործընթացը խափանելու փորձ է կոչել

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ուղղաթիռի խոցումը բանակցային գործընթացը խափանելու փորձ է կոչել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիկի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի զեկույցների:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեսպան Կիրակոսյանը բարձր է գնահատել Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը վերջին երեք ամսվա ընթացքում Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների գումարման ուղղությամբ: Նշվել է, որ վերջին՝ Փարիզի գագաթաժողովի ընթացքում հաստատվել է, որ ՄԽ համանախագահների ձևաչափն արդյունավետ է գործում և խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Հայկական կողմը կարևորել է Հիմնարար սկզբունքների շուտափույթ ընդունումը, ինչը հնարավորություն կտա հիմնական խաղաղ համաձայնագրի բանակցումը սկսելու համար:

Ադրբեջանական սադրանքից մոտավորապես երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 27-ին Փարիզի Մարինյի պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը խիստ դատապարտել է շփման գծի երկայնքով ուսումնական թռիչք իրականացնող ԼՂ Պաշտպանության բանակի ուղղաթիռի ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ գնահատելով այդ միջադեպը որպես հերթական սադրանք իրավիճակը սրելու և բանակցային գործընթացը խափանելու նպատակով: Նա նշել է, որ խախտելով հրադադարի ռեժիմը և դիմելով բռնության՝ Բաքուն անտեսում է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ՝ դրանով իսկ պատասխանատվություն ստանձնելով իրավիճակի սրման համար:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հայկական կողմը նաև մտահոգություն է հայտնել, որ 2014-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները բազմապատկվել են, շարունակվել են դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, քաղաքացիական անձանց գնդակոծությունը և ծանր սպառազինության կիրառման դեպքերը, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի: Նշելով, որ յուրաքանչյուր զոհ էլ ավելի է խորացնում անվստահությունը ժողովուրդների միջև, Կիրակոսյանը կոչ է արել ադրբեջանական կողմին ընդունել համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման միջոցառումները՝ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների դուրսբերումը: Դա կնվազեցնի հրադադարի խախտման դեպքերը և մարդկային զոհերի թիվը՝ դրանով իսկ դրական մթնոլորտ ստեղծելով խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումներն այդ հարցում լիովին համընկնում են միջազգային հանրության և համանախագահների մոտեցումների հետ, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Դեսպանը մտահոգություն է հայտնել, որ վստահության ամրապնդման ծրագրերում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրտեսության կեղծ մեղադրանքներով ի ցույց է դնում Ադրբեջանի կողմից հումանիտար շփումները բացառելու փորձերը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հիմնախնդրի կարգավորման հիմքում դնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր ճակատագիրն ազատ կերպով ընտրելու իրավունքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---