ՌԴ-ն ՀՀ-ին $270 մլն վարկ կտրամադրի. ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026-ը

ՌԴ-ն ՀՀ-ին $270 մլն վարկ կտրամադրի. ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026-ը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում գործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, համաձայնագրով ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար, գրում է Panorama.am-ը:

ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026-ը:

Մայիսի 29-ին աշխատանքային այցով Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո նշել էր, թե պայմանավորվել են ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար վերցնել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ:

Նախագծի հիմնավորման համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը մոտենում է ավարտին, բացի այդ, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար համատեղ ջանքերի կենտրոնացման վերաբերյալ բարձր մակարդակով նախկինում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք ամագրված են 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ արված հայտարարությամբ:

Ծրագրի իրականացման առաջին փուլը ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի» մշակումը:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջ ներառում է հետազոտական, հաշվարկային, անալիտիկ, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարքակարգաբերման աշխատանքները, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախապատրաստումը շահագործման երկարաձգմանը համաձայն «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի», ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Նախատեսվում է նոր էներգաբլոկի կառուցում մինչև 1000 մՎտ հզորությամբ: Նախագծի արժեքը մոտ 5 մլրդ դոլար է և արգելակվում է ֆինանսավորման պակասի պատճառով: ՌԴ-ն պատրաստ է սարքավորումներ տրամադրել, որոնք կկազմեն կառուցման արժեքի 35-40 տոկոսը, մյուս միջոցները Հայաստանը պետք է հայթայթի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---