Քրդերը վերադարձնում են Կոբանին, Ասադը՝ Հալեպը, իսկ թուրքերը մտահոգվում են

Քրդերը վերադարձնում են Կոբանին, Ասադը՝ Հալեպը, իսկ թուրքերը մտահոգվում են

PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է «Իսլամական պետության» գրոհայիններին հետ մղել Կոբանիի մեծ մասից:

Ինչպես երեքշաբթի հայտարարել է տարածաշրջանային վարչակազմի ներկայացուցիչ Իդրիս Նաասանը, մոջահեդների ձեռքում է մնում քաղաքի շրջանների միայն 20 տոկոսը: «Մեծ քանակությամբ զենք է առգրավվել, այդ թվում ականանետներ ու գնդացիրներ»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Daily Star-ն, իր հերթին հայտնում է, որ վերջին մարտերում սպանվել է առնվազն 23 իսլամիստ, այդ թվում՝ ԻՊ խմբավորման ղեկավար օղակի երկու մարտիկ:

Քրդական ինքնապաշտպանության ուժերը մտավախություն են հայտնում, որ իսլամիստները կարող են քիմիական զենք կիրառել անհաջողությունների ֆոնին: Քաղաքի արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու պաշտոնյա Իբրահիմ Քուրդոն հայտարարել է Firat գործակալությանը, որ ավելի վաղ իսլամիստները քիմիական զենք են օգտագործել քրդերի դեմ, և կոչ է արել միջանցք բացել Թուրքիայից քաղաքի ուղղությամբ աշխարհազորը ուժեղացնելու նպատակով: «Մենք չունենք ծանր սպառազինություն ԻՊ-ին դիմակայելու համար: Ռմբակոծությունները մեզ շատ են օգնում, բայց մեզ զենք է պետք ԻՊ գրոհները ետ մղելու համար»,-հայտարարել է նա՝ նշելով, որ ահաբեկիչները նյութական մատակարարում են ստանում ու համալրում շարքերը:

Մինչդեռ Հալեպում կառավարական ուժերը հզոր գրոհ են ձեռնարկել Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա, որը վերահսկում է քաղաքի մի մասը և որին ճանաչում է Արևմուտքը: Ըստ Hurriyet-ի, թուրքական ռազմական շրջանակներում աղբյուրների վրա հղումով, գրոհի հետևանքով քաղաքից փախել է մոտ 14 հազար ապստամբ, իսկ խմբավորման առաջնորդին հաջողվել է հեռանալ երկրից: «Նրանց առաջնորդ Ջամալ Մարուֆը փախել է Թուրքիա: Նրան պահում և պաշտպանում է թուրքական պետությունը»,-ասել է աղբյուրը:

Ասադի բանակի հաջողություններն ու քաղաքի վերահսկողությունը վերադարձնելու հեռանկարը բուռն արձագանք են ստացել Թուրքիայում: Իրադարձություններին արձագանքել է նաև ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հայտարարելով, թե Սիրիական ազատ բանակի թուլացումը կհանգեցնի «ԻՊ» դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում: «Քաղաքացիական անձիք փախչում են երկրից՝ վախենալով Ասադի ռեժիմից ու ԻՊ-ից, իսկ Հալեպի հնարավոր գրավման դեպքում ևս 2-3 մլն փախստական կավելանա»,-հայտարարել է նա, գրում է Sabah-ը:

Մի քանի օր առաջ ԱՄՆ ու Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները հանդիպում են ունեցել՝ քննարկելով աշխարհիկ սիրիական ընդդիմությանը զինելու ու վարժեցնելու ծրագիրը: Ըստ այդ ծրագրի, թուրքական ռազմակայաններից մեկը կվերածվի ուսումնական կենտրոնի: ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչներն ու Թուրքիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաները պայմանավորվել են, որ զենքն ու սպառազինությունը կտրամադրի Վաշինգտոնը, որը կֆինանսավորի ուսուցումը: Ակնկալվում է, որ արդեն դեկտեմբերի վերջում բազայում կվարժվի Սիրիական ազատ բանակի մոտ 2000 մարտիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---