Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ. Ուժը չի կարող խոնարհել ՀՀ և Կիպրոսի ժողովուրդներին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ. Ուժը չի կարող խոնարհել ՀՀ և Կիպրոսի ժողովուրդներին

PanARMENIAN.Net - Այցը Հայաստանի և քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

Նա նշել է, որ իր ներկայությունն այստեղ կիպրացի և հայ ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության ակնհայտ ապացույցն է և վերստին այն հաստատում է: «Այս բարեկամության հիմքն է հանդիսանում անկեղծ համերաշխությունը, որը երկուստեք բազմիցս ցուցաբերվել է դժվար իրավիճակներում: Կիպրոսում հայկական սփյուռքի ներկայությունը լրացուցիչ երաշխիք է մեր կապերը շարունակելու և ավելի ամրապնդելու համար՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության լայն և բազմակողմ շրջանակ»,-հայտարարել է նա:

Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաև ընդհանուր արժեքների և սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք, ասել է Օմիրուն:

«Այս բարձր ամբիոնից Ներկայացուցիչների պալատի անդամների և Կիպրոսի ժողովրդի անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի վարած սկզբունքային և կայուն քաղաքականության համար՝ հանուն մեր երկրի և ժողովրդի ազատության ու վերամիավորման: Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր աջակցության համար, ինչի համար էլ և երախտապարտ ենք ձեզ»,-ասել է նա:

Օմիրուն հայտարարել է նաև, որ, չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները: «Արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 և 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը և ամբարտավանությանը»,-ասել է նա:

Թուրքիան առաջադրում է պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է «երկու պետության» սկզբունքը: Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները և որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա և երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն Թուրքիայի դրսևորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող և Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական և օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում և որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, և որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձև ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, և ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միևնույն ժամանակ Թուրքիայի պետական և ռազմական գործիչներն անկաշկանդ և ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները:

Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը և հայտարարելու Թուրքիայի դեմ քաղաքական և իրավական քայլերի ձեռնարկման մասին: «Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի և բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները: Թուրքիայի այս դրսևորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են: Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը և օգտագործեն կիպրական և հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձևավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության»,-ասել է Օմիրուն:

«Հնարավոր է, որ Հայաստանը և Կիպրոսը հզոր պետություններ չեն, բայց մեր հաստատակամությունն արդարացված է: Ուժը չի կարող խոնարհել մեր ժողովուրդներին: Մենք ավելի դժվար պայմաններում ենք գոյատևել և բարգավաճել: Պայքարելով հանուն ազատության և արդարության՝ հայ և կիպրացի ժողովուրդները հաստատուն կամք ունեն, և այդ կամքն անսասան է»,-նշել է Օմիրուն:

Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:

Բնական գազի զգալի պաշարները Կիպրոսի առափնյա շրջանում դեռ 2011 թ. հայտնաբերել էր ամերիկյան Noble Energy ընկերությունը: Դրանից հետո կառավարությունը համաձայնագիր կնքեց Eni և «Կոգազ» կոնսորցիումների, ինչպես նաև ֆրանսիական Total-ի հետ:

Ավելի ուշ ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին հայտարարեց, որ Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: «Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---