Կանադական ընկերությունը նավթ եւ գազ կփնտրի Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին կանադական «Տրանսեվրոէներջի կորպորեյշն»-ը նավթի եւ գազի պաշարների որոնումներ կսկսի Հայաստանի երեք բնակավայրերում` Արմավիրում, Կարմիրում ու Շողաղբյուրում: «Վստահ եմ, որ Հայաստանի ընդերքում կան գազի ու նավթի պաշարներ», - հայտարարել է ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մայք Սմիթը: - «Ինչու՞ Հայաստանը չպիտի ունենա գազ ու նավթ, եթե նրա բոլոր հարեւաններն ունեն նման պաշարներ: Իմ կարծիքով, ուղղակի Հայաստանի բախտը անցյալում չի բերել եւ հետազոտությունները արդյունք չեն տվել, սակայն վստահ եմ, Հայաստանում կա գազ եւ որոշ չափով նաեւ նավթ»,-նշել է նա:



Գիտնականները, ըստ նրա, Հայաստանի ընդերքում վերջին անգամ սեւ ոսկի փնտրել են 70-ական թվականներին: «Դա կոմերցիոն նպատակ չէր հետապնդում, մինչդեռ մենք պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը», - ասում է Մայք Սմիթը: Այդ նպատակով կանադական ընկերությունը մի քանի օր առաջ համաձայնագիր է կնքել ընդերքում հորատումներ կատարող աշխարհի առաջատար ընկերություններից մեկի հետ, որը պարտավորվել է Հայաստան բերել ժամանակակից սարքեր ու մեխանիզմներ: «Այդ սարքերը հնարավորություն կտան ուսումնասիրել ընդերքը 2500 մետր խորությամբ, միեւնույն ժամանակ` նվազագույն վնաս հասցնել եւ առավելագույն արդյունք ստանալ», - բացատրում է Մայք Սմիթը:



Նրա խոսքերով, աշխատանքները կսկսվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին, եւ առաջին արդյունքները թերեւս կունենանք 2007 թվականի փետրվարին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---