Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի և դատապարտել Սբ Նահատակաց եկեղեցու ոչնչացումը

Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի և դատապարտել Սբ Նահատակաց եկեղեցու ոչնչացումը

PanARMENIAN.Net - Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սբ Եղիշե հայկական եկեղեցի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի մասին համաշխարհային հանրությանն իրազեկելու քարոզարշավի շրջանակում:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ին, այցի ժամանակ արքայազնն անդրադարձել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Դեր էզ Զորի հայկական Սբ Նահատակաց եկեղեցու ոչնչացման փաստին: Նա նշել է, որ քրիստոնյաների և նրանց սրբությունների դեմ գրոհների մասին իմանալն ուղղակի «սրտաճմլիկ է»: Նա «դաժան և անիմաստ է» անվանել հայկական եկեղեցու ոչնչացումը գրոհայինների կողմից:

«Ես հիացած եմ ձեր հոտի խիզախությամբ և հավատով, որը բոլորիս համար հավատի խորհրդանիշ է նման սարսափելի ու բարբարոսական բռնության պայմաններում»,-ասել է նա:

«Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։ Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

Սա Սիրիայում քրիստոնեական արժեքների ոչնչացման միակ դեպքը չէ: Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---