22 հունիսի 2006 - 19:05 AMT
Բաքուն չի կարող այս կամ այն կարգավիճակը տրամադրել Ղարաբաղին, քանի որ դա նրա իրավասությունից դուրս է
Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղին աշխարհում ընդունված ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ, այդ թվում ՌԴ-ում Թաթարստանի կարգավիճակին համազոր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին, եթե ոչ հերթական քարոզչական քայլն է, ապա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է իր երկիրը դարձնել Դաշնային: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, այդ իմաստով կարելի է հույս հայտնել, որ նշված կարգավիճակը կտրվի Ադրբեջանում բնակվող լեզգիներին, թալիշներին եւ այլ ժողվորդներին: «Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, որի հետ ամեն տեսակի շփումներից շարունակում է խուսափել ադրբեջանական ղեկավարությունը, ապա պետք է ընդգծել, որ պաշտոնական Բաքուն չի կարող Լեռնային Ղարաբաղին տրամադրել այս կամ այն կարգավիճակը, քանի որ տվյալ խնդիրը չի մտնում Ադրբեջանի իրավասության մեջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը իրավական շրջանակներում որոշվել է այստեղ ապրող ժողովրդի կողմից: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմը անընդունակ է գտնվել քաղաքակիրթ ձեւով լուծելու նման հարցերը եւ դիմել է զինված ագրեսիայի»,-ասել է Գեորգի Պետրոսյանը:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել առկա իրողություններն առ այն, որ ԼՂՀ անկախությունը հանրապետության ժողովրդի բարձրագույն արժեքն է, որը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած` պետական անկախության մասին համաժողովրդական հանրաքվեով: «ԼՂՀ ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում ոչ միայն պաշտպանել է սեփական ճակատագիրը տնօրինելու իր իրավունքը, այլեւ վերջին 15 տարում առնվազն 7 անգամ հավաստել է իր կամքը ԼՂՀ-ում անցկացված նախագահական եւ խորհրդարանական համաժողովրդական ժողովրդավար ընտրությունների միջոցով, երբ ընտրողները կողմ էին քվեարկում հանրապետության պետական անկախության օգտին հանդես եկող առանձին թեկնածուների եւ քաղաքական կուսակցությունների ծրագրերին»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: