23 հունիսի 2006 - 14:08 AMT
Հայաստանի նախագահը մեկնել է Մինսկ` մասնակցելու ՀԱՊԿ նստաշրջանին
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանին, հայտնում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Նստաշրջանին կնախորդեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերը: Նստաշրջանը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որի ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը, որին Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ միասին կմասնակցեն արտաքին գործերի, պաշտպանության նախարարները եւ անվտանգության խորհրդի քարտուղարները: Նախատեսվում է ընդունել Հռչակագիր ՀԱՊ կազմակերպության հետագա կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման մասին: Նստաշրջանի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան: Մինսկում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին: