SOAD. Թուրքիան շարունակում է քաղել իր ոճրագործության պտուղները

SOAD. Թուրքիան շարունակում է քաղել իր ոճրագործության պտուղները

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կայանալիք համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը: Ըստ խմբի, դա կարևոր նախապայման է ապագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու գործում: Հայտարարությունում նշվում է, որ XX դարի առաջին ցեղասպանության հեղինակներն օսմանյան թուրքերն են, որոնք փորձում էին բնաջնջել հայերին, հույներին և ասորիներին:

Ըստ հայտարարության, «առաջին աշխարհամարտի տարիներին զանգվածային ջարդերի կազմակերպիչները չկանգնեցին միջազգային դատարանի առջև, զոհերի իրավունքները չվերականգնվեցին և փոխհատուցման ընթացակարգ չիրականացվեց: Նյուրնբերգյան դատավարության նման դատավարություն տեղի չունեցավ: Փոխարենը Թուրքիան օգտագործեց նավթի գործոնն ու աշխարհաքաղաքական կապիտալը՝ խոչընդոտելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի համար նախատեսած տարածքների վերադարձն ու փոխհատուցումը:

«Խուսափելով մի ամբող ազգի բնաջնջման համար պատասխանատվությունից՝ թուրքական պետությունը շարունակում է քաղել իր գործած ոճրի պտուղները: Այդ պետության առաջնորդները, քաջալերված լինելով աշխարհի անգործությամբ, այսօր փորձում են արգելել ԱՄՆ և այլ երկրների կառավարություններին բարձրաձայնել ճշմարտությունն ոճրագործության մասին»:

Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջազգային և համաշխարհային կոնվենցիաներին ու նորմերին, բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին` ներառյալ ԱՄՆ Ցեղասպանությունների կանխարգելման գործակալությանը, այդ չարիքը շարունակում է տարածվել, քանի որ համաշխարհային հանրության արձագանքն ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե բարոյական դիրքորոշում:

«Պահանջելով Հայոց ցեղասպանության միանշանակ և արդար ճանաչում՝ մենք ասում ենք «այլևս երբեք» նոր ցեղասպանություններին»:

«Թուրքիայում արդեն կան խիզախ մարդիկ, որոնք անտեսելով դատաստանի, հետապնդումների և նույնիսկ բռնության վտանգը, բացահայտ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցել դրա համար: Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ կիսում են մարդասիրական արժեքները, սակայն դեռ չեն արտահայտվում, ահաբեկված լինելով կառավարության կողմից… Ժամանակն է խախատել լռությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ձեր օգնությամբ նման պատմական քայլը Թուրքիայի ժողովրդի կողմից ոչ միայն կբխի մարդկային համերաշխությունից, կարեկցանքից և արդարության սկզբունքից, այլ նաև նոր քայլ կլինի դեպի նոր դարաշրջան՝ ցեղասպանություններից զերծ դարաշրջան»,-ասվում է հայտարարության մեջ:

Ամերիկյան System Of A Down ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

Համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. այն ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը