24 հունիսի 2006 - 14:28 AMT
Ռ.Քոչարյան. Հայաստանը կշարունակի մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին
Հայաստանը կշարունակի մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը Մինսկում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: «Բուխարեստում կայացած վերջին հանդիպման ժամանակ առաջարկվեց որպես հիմք ընդունել միջնորդների կողմից այդ հարցի վերաբերյալ պատրաստված նախագիծը, սակայն Ադրբեջանը հավանություն չտվեց այդ նախագծին եւ բանակցությունները կշարունակվեն»,-նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանը նշել է «ռազմատեխնիկական համագործակցության դինամիկ զարգացումը ՀԱՊԿ շրջանակներում»: Միեւնույն ժամանակ, հայկական կողմը, նրա խոսքերով, «անհրաժեշտ է համարում ճշտել ՀԱՊԿ անդամներին ցուցաբերվող ռազմատեխնիկական օգնության մեխանիզմների պարամետրերը արտաքին ագրեսիայի դեպքում»: Հայաստանի նախագահը հայտարարել է նաեւ. «Մենք պետք է ձեռնպահ մնանք այն քայլերից, որոնք կարող են հակասել ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: